Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը առանձնապես խոշոր չափի կանխիկ թղթադրամներ հափշտակելու դեպք է բացահայտել: Առևտրային բանկերից մեկի տեխնիկական բաժնի աշխատակիցը 2021թվականի ապրիլից նոյեմբեր ինկասացիոն ծառայության աշխատակցի հետ բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման ընթացքում
հափշտակել է 1.5 մլրդ դրամ:
Նարեկ Հովհաննիսյան (ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննիչ) - Նախնական 40 միլիոն դրամով է հաղորդումը սկսվել, հետագա քննության ընթացքում հիմնավորվել է: Նշված յուրացումները կատարելու ընթացքում նրան օգնել են, որպեսզի դա չբացահայտվի: Նախապես տեղեկացել է և յուրացումները շարունակել է:
Բանկի աշխատակիցը բանկոմատներից գումարի յուրացումը կատարել է 4 տարբեր եղանակով. մի դեպքում բանկի բունկերից բանկոմատ ճանապարհին ինկասացիոն մեքենայի մեջ է պարկերը և դրամատուփերը բացել, մեկ այլ դեպքում համակարգչում է կատարել մուտքային տվյալների փոփոխություն, կանխիկ գումարի պակաս մուտքագրում:
Նարեկ Հովհաննիսյան - Դրանից հետո արդեն բանկոմատի ծրագրում մուտքագրվել է սկզբում` այն քանակությամբ գումարը, որը ստացել է, դրա անդորրագիրն են տպել, այնուհետև տպվել է անդորրագիր` պակաս գումարով, որովհետև սխալ գումարի դեպքում բանկոմատը չէր աշխատելու:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ յուրացումների ընթացքում բանկի աշխատակիցը իրականացրել է նաև առանձնապես խոշոր չափի փողերի փոխարկում, լվացում: Ընտանիքի անդամների և հարազատների անունով ձեռք է բերել շարժական և անշարժ գույք, շուրջ 138 մլն դրամի: Հասցրել է նաև բուքմեյքերական ընկերություններից մեկում 376 միլիոն դրամի պարտվել:
Նարեկ Հովհաննիսյան - Տեխնիկական բաժնի աշխատակիցը վարել է ցոփ ու շվայտ կյանք, կատարել է մեծ ծախսեր` ամենօրյա երեկոներ, խնջույքներ` չհաշված գնումները. մեքենա է գնել` 70 մլն դրամ արժողությամբ:
Հանցագործության բացահայտումից հետո բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել և ձերբակալվել: Բանկի այս աշխատակցի մասով քննությունը ավարտվել է, 694 էջ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հանցագործության ընթացքում ձեռք բերված անշարժ և շարժական գույքերի վրա արգելանք է դրվել: Հանցավոր խմբի կազմում գործած Ինկասացիոն ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի փողերի յուրացման հոդվածով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել:
Քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում գործի ամբողջ շղթան բացահայտելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: