Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և հնարավոր վերագործարկման վերաբերյալ։
Սա Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի վերաբերյալ առաջին հանդիպում-քննարկումն էր 2017 թվականից ի վեր՝ տեղեկացնում են ՇՄ նախարարությունից:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Օրհուսի կոնվենցիային և մեր երկրի ստանձնած պարտավորություններին և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորություններին՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։
«Շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրել եք և ներկա եք այս հանդիպմանը, որպեսզի համատեղ ուժերով լուծում գտնենք Օրհուս կենտրոնների գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու հարցում։ Կառավարություն-հասարակություն հարաբերութունների շղթայում կարևոր է կոնվենցիայի դրույթների լիարժեք կատարումը։ Իմ դիտարկումների և տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում հանգել եմ այն մտքին, որ Օրհուս կենտրոնները կարևոր են հատկապես մարզային մակարդակում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում ներգրավման առումով։
Այս քննարկմանն ակնկալում եմ լսել առողջ և փաստարկված դիտարկումներ, առաջարկներ, որոնք կօգնեն հասկանալ այդ կենտրոնների հետագա ճակատագիրը»,- նշել է նախարարը։
Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքի, կվերլուծի և կներկայացնի գրասենյակներ իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։