ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Հարավային Կովկասում զարգացումները՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի քննարկումների առանցքում. Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը միշտ մեր տեսադաշտում են»,- նշել է Պուտինը։
Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկն է։ Ալիևը հաստատել է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են ամենաբարձր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակի:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
«Ադրբեջանը Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության է տրամադրված: Մեր կողմից, կարծում ենք, բավականին կառուցողական թեզեր ենք առաջարկել վերջնական խաղաղության հասնելու համար»,- հավելել Է Ալիևը:
Նախագահների հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղկացրել է, որ Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստանայում տեղի է ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Երկկողմ քննարկումները տևել են 1.5 ժամ:
«Չնայած համաճարակային և քաղաքական սահմանափակումների հետ կապված դժվարություններին՝ մենք պարբերաբար հանդիպելու և շփվելու հնարավորություն ենք ստեղծում, ինչը լավ արդյունք է տալիս։ Սոչիում ձեռք բերված մեր պայմանավորվածություններն իրականացվում են: Խոսքը, այդ թվում, ներդրումային գործընթացների և «Ակկույու» ատոմակայանի շինարարության մասին է»,- նշել է Պուտինը, հավելել՝ մոտ ապագայում, հավանաբար, հնարավոր կլինի գործարկել առաջին էներգաբլոկը:
Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանն ամբողջ ծավալով շարունակում է գազ մատակարարել Թուրքիա:
««Թուրքական հոսքը» բարեհաջող աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել։ Պարզվեց՝ Անկարան Մոսկվայի ամենահուսալի գործընկերն է Եվրոպա գազի մատակարարման հարցում: Թուրքիայում կարող է նաև գազային հանգույց կառուցվել, որը կծառայի որպես գազի գնի որոշման հարթակ, արդյունքում կբացառվի այս հարցի քաղաքականացումը»,- ընդգծել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ հացահատիկային միջանցքով ուկրաինական հացահատիկ ստացող երկրները պետք է երախտապարտ լինեն Էրդողանին:
Թուրքիայի նախագահն իր հերթին ցանկություն է հայտնել մեծացնել ռուսական պարարտանյութերի և ցորենի մատակարարումը զարգացող երկրներ Թուրքիայի տարածքով:
«Ռուսաստանի և Թուրքիայի ձեռնարկած քայլերը հնարավոր է՝ անհանգստացնեն որոշ շրջանակների, սակայն դրանք կբարելավեն աղքատ երկրների վիճակը»,- նշել է Էրդողանը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Էրդողանը հանդիպման ընթացքում չեն անդրադարձել ռուս-ուկրաինական կարգավորման թեմային:
ԱԼԻԵՎՆ ՈՒ ՌԱԻՍԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակին Ղազախստանի մայրաքաղաքում անդրադարձել են Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել Կասպից ծովում և Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար։
Ռաիսին էլ ընդգծել է, որ Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է Թեհրանի համար։ Նրա խոսքով՝ լուրջ մտադրություններ կան համակողմանիորեն զարգացնելու Բաքվի հետ գործակցությունը:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին նախագահների հանդիպումից հետո Թվիթերի միկրոբլոգում գրել է.
«Նախագահ Ռաիսին հասկացրել է Ալիևին, որ Թեհրանի համար անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն։ Նա նաև մերժել է եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած պատրվակով: Արևմուտքը ռազմավարական առումով մեզ չի կարող շեղել»: