Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանդիպումը բնակիչների հետ ավելի քան երկու ժամ տևեց: Խնդիրները տարբեր էին, լուծումները՝ ժամանակ պահանջող: Հասարակական տրանսպորտից մինչև կոյուղու, վթարային շենքերի խնդիրներ, այգիների պակաս, տարածքների զավթում:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Պետք է յուրահատուկ ուշադրություն դարձվի այն խնդիրներին, որոնք վերաբերում են ամբողջ համայնքին: Այսինքն՝ Քանաքեռում, օրինակ, այգու հետ կապված խնդիր ունենք: Ունենք երկու փոքրիկ կտոր այգիներ, որոնց մի մասը սեփականաշնորհվել է, և արդեն կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք էդ այգիները վերականգնելու ուղղությամբ:
Այնտեղ, որտեղ իրավական որևէ հիմք չկա, տարածքը պետք է վերադարձնել համայնքին՝ նշեց Տիգրան Ավինյանը, ընդգծեց՝ նույնիսկ պետք է գնալ այդ տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով: Քաղաքապետի տեղակալը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ուսումնասիրել, մանրամասն ներկայացնել, թե որտեղ, որ հատվածներում են զավթումներ եղել:
Արտակ Հովակիմյան (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար) - Փորձելու ենք առաջին հերթին լուծել կանաչ գոտիների խնդիրը, որոնք որ ժամանակին սեփականաշնորհվել են: Ինչ տարբերակներով՝ չգիտենք, հիմա սեփականատերերի հետ կպայմանավորվենք, լուծում կգտնենք, որ պետական մակարդակով էդ ամբողջը վերադարձվի մեր բնակիչներին:
Տիգրանյան փողոցի բնակիչներն էլ տարբեր հարցեր բարձրացրին: Խոսեցին վերելակների խնդրի մասին. այնքան հին են, որ մի օր կարող են պոկվել ու դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ վերելակների արդիականացման ծրագիրը շարունակվում է: Մոտ ապագայում հերթն իրենց շենքին էլ կհասնի:
Տիգրան Ավինյան - Բոլորը, այնուամենայնիվ, փոխարինվելու են, ուղղակի, ըստ առաջնահերթությունների, բոլոր նրանք, որ ավելի ռիսկային են, գալիս են, առաջին հերթով են փոխարինվում: Հարցերը, որոնք վերաբերում էին բակերի բարեկարգմանը և մյուս խնդիրներին, մենք արդեն որոշակիորեն պատկերացնում ենք, թե ինչ ենք անելու:
Քաղաքային իշխանությունը փուլ առ փուլ ինչպես Քանաքեռ-Զեյթունում, այնպես էլ մյուս վարչական շրջաններում խնդիրները կգույքագրի, կուսումնասիրի ու կփորձի լուծել: Ավինյանը նկատեց՝ հատկապես բարդ է, երբ հերթը հասնում է զավթումներին, համայնք-մասնավոր փոխհամաձայնությունը բարդ գործընթաց է: