Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, բացարձակապես անընդունելի են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Նման հարձակումները Արևմուտքի հակառուսական գծի շարունակությունն են և առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, ներառյալ՝ Հարավային Կովկասը տեղափոխելու փորձեր։ Ֆրանսիայի նախագահի մտքերը վկայում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում Փարիզի շահագրգռված չլինելու մասին և հարցականի տակ են դնում այդ հարցում կառուցողական դերակատարում ունենալու՝ Ֆրանսիայի կարողությունը»,- նշված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են՝ Ռուսաստանը գործնական առումով աջակցել է հակամարտության կարգավորմանը, մասնավորապես՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման գործում, ընդգծել՝ ռուսական խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում անվտանգության երաշխավորն է: Հայտարարության մեջ նշված է, որ հենց իրենց կողմից է գործարկվել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացը։
«Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը խաղաղ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ երեք երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղ պայմանագրի կնքման, հասարակության ու փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ըստ գերատեսչության՝ Փարիզը փորձում է սեպ խրել Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, ինչը դատապարտված է ձախողման և կխաթարի տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակությունը: