ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:
Նախարար Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Քաագի գլխավորած պատվիրակության հետ:
Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի նույն ընկերակցային խմբերում՝ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշել են համագործակցության զարգացման հետագա ուղիներն ու հեռանկարները:
Տարեկան հանդիպումների շրջանակում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնելու կողմերի միջև համագործակցությունը հանրային ֆինանսներին առնչվող գիտելիքի, փորձի և տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: