ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանն ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսին և խորհրդատուներ Խավիեր Բոտերոյին ու Գոհար Մալումյանին:
Ողջունելով հյուրերին` Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը. «Բարձր ենք գնահատում Համաշխարհային բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ առաջին հերթին հանրակրթության համակարգի բարեփոխման շրջանակում»։
Կարևորելով սկսված բարեփոխումների շարունակականությունը՝ նա շեշտել է, որ Համաշխարհային բանկը կրթության բարեփոխումների կարևոր միջազգային գործընկերն է՝ փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալները ներկայացրել են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները և անդրադարձել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին։
Նախարարի տեղակալները տեղեկացրել են, որ օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». հաջորդաբար մշակվելու է ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանը։ Այս համատեքստում նշվել է, որ միջոցառումների պլանը ևս կներկայացվի հանրային քննարկման՝ ակնկալելով զարգացման գործընկերների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի փորձագիտական աջակցությունը։
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը` նշելով, որ մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է:
Ռենատա Ֆրեյտաս Լեմոսի խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է նաև միջազգային փորձագետների խումբ ուղարկել Հայաստան, որոնք սեմինարներ կանցկացնեն, կվերլուծեն «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», կներկայացնեն իրենց գնահատականն ու գործողությունների պլանի տեսլականը:
Կողմերը քննարկել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, դպրոցների հիմնանորոգմանը, բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, կրթության ոլորտի օրենսդրության լավարկմանն առնչվող մի շարք հարցեր: