Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց՝ իսկապես կա՛ Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժականը և ֆիզկուլտուրայի ինստիտուտը միավորելու Կառավարության որոշման նախագիծ: Բուհերի միավորման տրամաբանությունը, ըստ նախարարի, հետևյալն է.
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Մանկավարժականը մանկավարժ պատրաստող բուհ է, ֆիզկուլտինստիտուտը՝ մարզիչներ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ պատրաստում է, օտար լեզուների գծով մանկավարժների պատրաստումը շատ տարիներ առաջ եղել է Բրյուսովի ինստիտուտի հիմնական գործառույթը: Տարիների ընթացքում մի մասը մնացել է, մյուս մասը դարձել է լրիվ ուրիշ բան:
Հետագայում արդեն, երբ ստեղծվի Ակադեմիական քաղաքը և ռազմավարության համաձայն լինի մինչև 8 բուհ, ոչ կրթական-մանկավարժական բլոկի կրկնվող մասնագիտությունները ևս կվերանայվեն: Նախարարը վստահեցնում է՝ 3 բուհն էլ պահպանելու են իրենց շենքերը: Ոչ ոք չի տեղափոխվելու, կտրուկ ոչինչ չի փոխվելու: Այս քայլի նպատակը կրթության որակի բարձրացումն է, արդյունավետ կառավարումը: Հաստիքները նույնպես պահպանվելու են, բացառությամբ ռեկտորի երկու պաշտոնի, որովհետև, բնական է, 1 բուհը 3 ռեկտոր ունենալ չի կարող: Թե ով կլինի միացյալ բուհի ռեկտորը, կորոշվի սահմանված կարգով՝ մրցույթով:
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ - Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու: Ես կոչ եմ անում մեր սիրելի ուսանողներին՝ հետևողական լինել որակյալ կրթություն ստանալու գործում և չտրվել տարբեր ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներին:
Այն, որ երեք բուհերի միավորման գաղափար կար, նախարարն ասաց՝ ռեկտորները տեղյակ էին, և որոշման նախագիծը որևէ մեկի համար անակնկալ չպետք է լիներ:
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ - Երեք բուհի ռեկտորներին անձամբ ես եմ հանդիպել, նախարարությունում մինչ այդ եղել են էլի հանդիպումներ, ոչ իմ մասնակցությամբ, իսկ օգոստոսի 9-ին ես անձամբ, և ասվել է, որ կա նման գաղափար, և այդ գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարկվել է այդ գաղափարը, և ես ասել եմ, որ հնարավոր է՝ այդ գաղափարը շուտով մտնի գործնական փուլ:
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը տեղեկացրել է, որ լրանում է իր պաշտոնավարման ժամկետը է, և պետք է նոր մրցույթ հայտարարեն: Նախարարն այնքան էլ նպատակահարմար չի համարել այս պարագայում այդ բարդ գործընթացը սկսել այն դեպքում, երբ բուհերի միավորման հարց է քննարկվում: Բայց Բրյուսովի համալսարանը ռեկտորի ընտրության հարցը ամեն դեպքում օրակարգային էր դարձրել, ինչը, սակայն, հոգաբարձուների խորհրդի նիստում օրակարգից հանվել է: Հենց այս նիստից հետո էլ այստեղի ուսանողությունը ոտքի էր կանգնել: Նախարարը հավելեց՝ իրենց հանդիպման ժամանակ ռեկտորներն առաջարկել են այլ տարբերակ քննարկել: Պատասխանը եղել է դրական, քանի որ Կառավարության միակ նպատակը բարձրագույն կրթության համակարգում որակի բարձրացումն է, ինչին հասնելու համար պատրաստ են քննարկել ցանկացած գաղափար: Մինչև օրս, սակայն, ռեկտորներից որևէ հստակ առաջարկ չի ստացվել:
Շրջանառվող որոշման նախագծով առաջարկվում է բուհերի միավորումից ստեղծվող հաստատությունը անվանել Կրթական գիտությունների ինստիտուտ: Դումանյանն ասաց՝ սա նախնական է, այլ տարբերակներ ևս կարող են քննարկվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան