Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովն անդրադարձել է Ղրղզստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունների հետաձգման մասին ԶԼՄ-ում շրջանառվող տեղեկություններին:
«Մենք դրանք (զորավարժությունները) տեղափոխել ենք ավելի ուշ ժամկետի: Պատրաստությունը 99.9% էր: Զորավարժությունների հետաձգումից հետո սոցցանցերում գրում են, թե դրանով մենք մերժում ենք ՀԱՊԿ-ը: Չկա նման բան: ՀԱՊԿ-ը մեզ շատ է պետք: ՀԱՊԿ-ը ահաբեկչական վտանգներից լիարժեք երաշխիք է և համապատասխանում է մեր երկրի ազգային անվտանգության շահերին: Սոցցանցերում որոշ ուժեր փորձում են առաջացնել առճակատում մեր և ՀԱՊԿ-ի միջև: Ոչինչ չի հաջողվի: Մենք չունենք որևէ հակասություն»,- նշված է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ ՀԱՊԿ-ում ըմբռնմամբ են վերաբերվել Իսիկ-Կուլում նախատեսված զորավարժությունները տեղափոխելու մասին Ղրղզստանի որոշմանը:
Զորավարժությունները հետաձգվել էին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով: Երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ պետություններ են:
Հեղինակ՝ Միքայել Սաքունց