Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գնումների գործընթացի կազմակերպման կարգում՝ այն բարելավելու և գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը կարգավորելու նպատակով: Գործող կարգավորումների համաձայն, մասնավորապես, երկու փուլով մրցույթի կազմակերպման դեպքում ընտրված մասնակցին որոշելու համար գործում է 70/30 գին-որակ հարաբերակցությունը: Գործնական կիրառման ընթացքում պատվիրատուներից ստացվել են առաջարկներ նշված հարաբերակցությունը փոփոխելու հնարավորություն ստեղծելու և ընթացակարգի կազմակերպման ժամկետները կրճատելու վերաբերյալ:
Փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ այդ հարաբերակցությունը կսահմանվի պատվիրատուների կողմից՝ 2-րդ փուլի հրավերով, ինչպես նաև նախատեսվում է կրճատել գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ առաջին փուլի հայտերի ներկայացման և հայտերի գնահատման ժամկետները: Որոշմամբ նախատեսվում է սահմանել նաև, որ էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ։
Միաժամանակ, անբարեխիղճ մասնակիցների մասնակցության հնարավորություները սահմանափակելու համար նախատեսվում է սահմանել, որ մասնակցի՝ գնումների գործնթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:
Գգնումը օրենքի համապատասխան կետի հիմքով կազմակերպված լինելու դեպքում ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո համաձայնագիր կնքելուց հրաժարվելու և դրանով պայմանավորված պատվիրատուի կարիքի բավարարման գործընթացը ձախողելու դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով նախատեսվում է նշված գործընթացների դեպքում ևս կիրառել հայտի ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, եթե տվյալ գնման համար պլանավորված ընդհանուր գինը գերազանցում է 25 մլն դրամը:
Նախատեսվում է սահմանել նաև, որ պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, եթե պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում և աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն մեկ տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ:
Գործող կարգավորմամբ մեկ տարվա փոխարեն սահմանված է 3 տարի, որի պարագայում գործնականում արձանագրված՝ շուկայական գների անընդհատ փոփոխությունների արդյունքում մասնակիցները խուսափում են մեկ տարուց ավել ժամկետով պայմանագրերի կնքումից: