Կառավարությունը նախատեսում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել:
Օրենքների նախագծերն արժանացան գործադիրի հավանությանը և ճանաչվեցին անհետաձգելի:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ փաթեթով առաջարկվում է՝ հավելավճարի համար ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին զինվորական ծառայության ընդունվող զինծառողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառողները կարող են կրկնակի ատեսատավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավաճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Բացի դրանից՝ զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է նաև, որ ատեստավորման կարգը մարտական խնդիրների և դրանց իրականացման պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնների անվանացանկը և հավելավճարի հաշվարկման և դադարեցման պայմանները սահմանվելու են պաշտպանության նախարարի հրամանով:
«Մենք խնդիր ենք դրել, որ բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում՝ մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պետք է չունենա.
1. բնակարանի խնդիր.
2. հացի խնդիր.
3. ընտանիքի անդամների առողջապահության կարիքների ապահովման խնդիր.
4. երեխաների ուսումը կազմակերպելու հետ կապված խնդիր:
Ահա այս 4 սյան վրա է կառուցված լինելու մեր պրոֆեսիոնալ բանակի հայեցակարգը՝ սոցիալական երաշխիքների մասով: Եվ այս որոշումն այդ շարքի կարևոր որոշումներից է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ ատեստավորման արդյունքում պայմանագրային զինծառայողը որակավորում ստանալուց հետո կարող է վաստակել բարձր աշխատավարձ:
«Այդ աշխատավարձը նվազագույնը երկու անգամ ավելի է լինելու, քան այսօրվա աշխատավարձը»,- նշեց նախարարը: