ՀՀ կառավարության որոշմամբ՝ միջոցներ են տրամադրվում Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով:
«Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որ փոխենք բոլոր կայարաններում: Օդորակիչների տեղադրման նպատակներից է խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության միջավայրը չի ապահովվում:
Բացի նրանից, որ կունենանք անվտանգ ու մաքուր միջավայր, նաև մեկ կետից կառավարման նոր համակարգ է դրվում: Նոր օդորակիչները բավական էներգախնայող են:
Այս գնումները 480 միլիոն դրամի են:
Մյուս գնումները վերաբերում են սլաքային փոխադրիչներին: Սրանք նույնպես, ըստ պլանի, նախատեսված են յուրաքանչյուր 5 տարին մեկ փոխել, բայց մենք պլանից հետ ենք ընկել: Վերջին անգամ 9 տարի առաջ են փոխվել»: Մոտ 19.4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված:
Չզեկուցվող հարցերից մեկով էլ 150 միլիոն դրամի գնումներ են իրականացվելու մետրոյի համար՝ սկսած վագոնների պահեստամասերից ու մալուխներից մինչև լուսավորության ցանց և այլն»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: