Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխման միջոցով 276 մլն 679 հազար դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից թվով 10 դպրոցի համար գույքի ձեռքբերմանը:
Այդ դպրոցներն են՝ Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, թիվ 116 հիմնական, Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական, Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական, «Հերացի» ավագ, Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ, Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները:
Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը: Որոշմամբ նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 189,028.0 հազար դրամ գումար՝ թվով 8 դպրոցի համար գույքի ձեռքբերման պայմանագրերի կատարումն ապահովելու համար: Թվով 2 դպրոցի մասով, որոնց շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2023թ.-ին, նախատեսվում է հատկացնել 87,650․6 հազար դրամ գումար՝ այդ դպրոցներին անհրաժեշտ գույքի գնման գործընթացն ապահովելու համար:
Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոցները պետք է շահագործման հանձնվեն անհրաժեշտ գույքով ապահովված: «Ավելին, ես այդ մասին արդեն ասել եմ, որ անհրաժեշտ գույքը պետք է արդեն նշված լինի նախագծում: Այսինքն՝ պետք է շենքի շինարարության նախագծում հստակ նշված լինի ձեռք բերվող գույքի տեսակը, գույնը: Գույքը պետք է հարմարեցվի շենքին: Ընդհանրապես ցանկացած օբյետի շինարարարության դեպքում շենքի կահավորման, դիզայնի նախագծում պետք է լինի, որպեսզի վերջնական տեսքի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու հնարավորություն ստեղծվի», -ասել է վարչապետը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ այդպես է արվում մանկապարտեզների և մոդուլային դպրոցների դեպքում, քայլեր են ձեռնարկվում այն կիրառել նաև այլ շենքերի շինարարությունների ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման գործընթացին, նշել է, որ այն պետք է շարունակվի. «Մասնավորապես երաժշտական դպրոցների ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակ- ուսուցիչները, գեղարվեստի դպրոցների ուսուցիչները, նրանք նույնպես պետք է անցնեն ատեստավորում: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք պատշաճ որակավորում ունի»: