ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը գրառում է արել՝ անդրադառնալով Իրան կատարած
այցին:
«ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ Իրան այցելության ընթացքում հանդիպեցինք Իրանի մեջլիսի փոխնախագահ Ալիռեզա Մեսրիին, արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանին, մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և խմբի անդամներին, տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմիին, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ջավադ Ասքարիին, արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին և մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզիին:
Ալիռեզա Մեսրիի, Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի, Էբրահիմ Ազիզիի և Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ հանդիպումներում ընդգծվել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության անխուսափելի անհրաժեշտության և Ադրբեջանի ձեռնարկած ռազմական վերջին ագրեսին դատապարտելու մասին:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցության խորացման, Իրանի հետ ռազմավարական երկխոսության զարգացման և տնտեսական համագործակցության խորացման հարցերին:
Տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ քննարկել ենք երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, Սյունիքի մարզում իրանական ներդրումների մեծացման հնարավորությունը, գազ-էլեկտրաէներգիա ծրագրի ժամկետների երկարաձգումը և ծավալների մեծացումը, էներգակիրների ներկրման հնարավորությունը, «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի շուրջ համաձայնագրի կնքման հարցերը, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման գործում իրանական կազմակերպությունների ներգրավման հարցերը, բեռնափոխադրումների ժամանակ տուրքերի վերացման հնարավորությունը, ուղևորափոխադրումների դյուրինացումը, առևտրաշրջանառությունը առաջիկայում 1 մլրդ դոլար հասցնելը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, համատեղ արտադրությունների կազմակերպումը, հանքարդյունաբերության ոլորտում համատեղ ծրագերի իրականացումը, պարենային անվտանգության հարցերը և այլն»,- գրել է պատգամավորը: