Հայաստանում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդություն վաղուց չի արձանագրվել: Մինչդեռ մեր տարածաշրջանի երկրներում հիվանդությունն անընդհատ կրկնվում է: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության` Իտալիայի Կատանիա քաղաքում տեղի ունեցած 30-րդ համաժողովին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչը և Հայաստանի աննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը քննարկել են մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագիրը, և հնարավոր է՝ առաջիկայում որոշվի, որ Հայաստանն այդ հիվանդությունից «ազատ ճանաչվելու» կարգավիճակ ստանա:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Մանր եղջերավորների ժանտախտ չունենք, էդ ժանտախտը չենք ունեցել երբեք: Երբ որ 2015-ին բռնկում եղավ Վրաստանում, վրացիները շատ արագ հայտարարեցին և մեր երկրում օպերատիվ ձևով կատարվեցին պատվաստումներ:
Պատվաստումներից հետո էլ Հայաստանում ժանտախտի տվյալներ չեն գրանցվել: Եվս մեկ դիտարկում դեկտեմբերին Հայաստան այցելող միջազգային մասնագետների հետ կանցկացնեն: Բրիտանացի մասնագետները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում անասնաբուժական լաբորատորիաների հնարավորությունների զարգացմանը և կարողությունների հզորացմանը:
Գեորգի Ավետիսյան - Մեր լաբորատորիան ՓՌ Բրայթիի համալսարանի հետ ունի պայմանագիր, և դաբաղի նկատմամբ հետազոտություններ ենք անում, Անգլիայից ստանում ենք նմուշներ և այստեղ հետազոտում ենք և արդյունքները ուղարկում ենք, նրանք գնահատում են այդ արդյունքները, և չի եղել մինչև հիմա, որ որևէ շեղում լինի: Հիմա մտածում ենք այլ հիվանդությունների հետ կապված:
Եթե Հայաստանը ժանտախտից ազատ երկիր ճանաչվելու կարգավիճակ ստանա, միևնույն է՝ լաբորատոր մշտադիտարկումները պետք է շարունակվեն, ինչի համար ֆինանսական աջակցություն է պետք՝ ասում է ՍԱՏՄ ղեկավարը: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը ևս պատրաստ է աջակցել Հայաստանի անասնաբուժական ոլորտին:
Գեորգի Ավետիսյան - Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ խոսեցինք անասնաբուժական ոլորտի բացերի գնահատման ծրագիր իրականացնելու մասին, հանձնարարեց Եվրոպայի գրասենյակի ղեկավարին, որ սկսենք զբաղվել՝ հասկանալու համար՝ ինչ ունենք:
Կատանիայի համաժողովում Հայաստանի ներկայացրած «Մեկ առողջության» հայեցակարգը հետաքրքրել է մասնակից երկրների անասնաբույժներին. մեր պատվիրակությունը ներկայացրել էր նաև հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների և հասարակակական կազմակերպությունների ակտիվ գործակցության փորձը: