ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ
Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկվելու է. Կառավարությունը հաստատեց նախագիծը, որով ատեստավորման համակարգը կներդրվի նաև զինված ուժերում: Սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողները, կամավոր որակավորում անցնելու դեպքում, ըստ ոլորտի ղեկավարի, ավելի բարձր աշխատավարձ կստանան:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Սա պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու շատ կարևոր քայլ է, ատեստավորումը իր հետ պետք է բերի չափորոշիչներ, որը լինելու է մեր պատկերացրած նոր բանակի էությունը, զինվորի, սպայի, չեմ ասի ստանդարտ, բայց դա պետք է լինի բարձրագույն կոչում, սպան ու զինվորականը հանրության կողմից ըստ արժանվույն պետք է գնահատվեն որպես հայրենիքի պաշտպաններ:
Փաթեթը որպես անհետաձգելի է ուղարկվում խորհրդարան: Ու մինչև այն օրենք դառնա, կսահմանվի նաև ատեստավորման կարգը, հավելավճարի չափը: Այժմ հստակ է, որ որակավորման քննությունը պայմանագրայիններն անցնելու են 3 տարին մեկ, դրանից կտրվածներին հնարավորություն է տրվելու նորից դիմել, բայց տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ՝ մանրամասնեց Պապիկյանը: Ներկայացված փաստաթուղթը բանակի բարեփոխումների անբաժանելի մասն է՝ հավելեց վարչապետը, շեշտեց՝ ատեստավորման մոտեցումը պետք է գործի նաև մյուս ոլորտներում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք որոշում ունենք, որ նույն համակարգը պետք է ներդնենք ոստիկանությունում՝ ներքին գործերի նախարարության հիմնադրման տրամաբանության մեջ, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում և, առաջին հերթին, մեր բոլոր հատուկ ծառայություններում։ Նաև հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում թեմային կանդրադառնանք նաև հանրային ծառայության այլ ոլորտների պարագայում։ Ուրախ եմ, որ նման բանաձև ենք գտել, մնում է, որ բանաձևի կիրարկման գործընթացի ժամանակ այն չվարկաբեկվի։
Փաշինյանը կարևորեց պատշաճ չափորոշիչներ ու ատեստավորման հուսալի համակարգ ունենալը: Արդյունավետ որակեց բարեփոխումների ընթացքը, ասաց՝ Կառավարության նպատակն է՝ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պետք է չունենա բնակարանի, հացի, ընտանիքի անդամների առողջապահության կարիքների ապահովման, նաև երեխաների ուսման կազմակերպման խնդիրներ:
Նիկոլ Փաշինյան - Ահա այս 4 սյան վրա է կառուցված լինելու մեր պրոֆեսիոնալ բանակի հայեցակարգը՝ սոցիալական երաշխիքների մասով: Եվ այս որոշումն այդ շարքի կարևոր որոշումներից է:
Պապիկյանը հավելեց՝ այսօրվա փաթեթը կտարածվի նաև 6-ամսյա ծառայությունն անցած ժամկետայինների վրա՝ կրկին կամավորությամբ: Նախագիծը գործադիրի նիստի օրակարգ կմտնի առաջիկայում:
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ 25-ՕՐՅԱ
Մեկ այլ կարևոր փոփոխության մասին էլ ազդարարեց նախարարը՝ պահեստազորի եռամսյա հավաքներ այլևս չեն լինի, ժամկետը կրճատվում է՝ դառնում 25 օր:
Սուրեն Պապիկյան - Հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այսուհետ հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից, բայց սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։
Փոփոխությունը վարչապետը բացատրեց եռամսյա հավաքների խնդրահարույց լինելով: Ասաց՝ նոր կարգով մարդը կարող է պլանավորել իր կյանքը, հարմարեցնել աշխատանքի հետ, քանի որ ինքն է ընտրելու հավաքին մասնակցելու ժամկետը:
Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում, թե որևէ հիմնարկ, որևէ աշխատողի բացակայության պայմաններում կարող է էականորեն տուժել, այսինքն՝ դա կառավարելի իրավիճակ է, և այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր:
Նախարարությունը ծրագիր ունի նաև կանանց համար՝ առաջիկայում, ըստ ցանկության, հրաձգարաններում մարտական զենքից կրակային պատրաստության դասեր կանցկացվեն:
276 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 10 ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Մեկ այլ որոշմամբ էլ Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի համար նոր գույք գնելու համար: 7-ը Երևանում են, մեկական՝ Օհանավանում, Պտղունքում, Եղեգնաձորում: Նոր կառուցվող կամ հիմնանորոգվող ցանկացած կրթօջախ պետք է ապահովված լինի անհրաժեշտ գույքով՝ նորից ընդգծեց վարչապետը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի առջև խնդիր դրեց՝ դեռ նախագծման փուլում ունենալ ամբողջական պատկեր:
Հանրակրթությունից խոսելով՝ վարչապետը նախարարին էլ հանձնարարեց կամավոր ատեստավորման գործընթացը շարունակել նաև մանկապարտեզների դաստիարակների, երաժշտական ու արվեստի դպրոցների ուսուցիչների համար:
Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք ունի պատշաճ որակավորում:
650 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՄԵՏՐՈՅԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆԸ
Մեկը՝ չզեկուցվող, մեկն էլ զեկուցվող հարցերով Կառավարությունը ընդհանուր 650 միլիոն դրամ տրամադրեց մետրոյի վերազինմանը: 480 միլիոնով 14 նոր հզոր օդորակիչ է գնվելու: Նախարար Սանոսյանի խոսքով՝ եղածը հին է՝ 80-ականների, իսկ սա կարևոր է անվտանգ երթևեկության համար:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս օդորակիչների փոփոխությունը կբերի նրան, որ բացի նրանից, որ կունենանք անվտանգ ու մաքուր միջավայր, նաև մեկ կետից կառավարման նոր համակարգ է դրվում, որը աշխատանքները ավելի էֆեկտիվ կդարձնի, նաև նոր օդորակիչները բավական էներգախնայող են:
19.4 միլիոնով էլ նոր սլաքային փոխադրիչներ կգնվեն, 150 միլիոնի էլ՝ վագոնների պահեստամասեր, մալուխներ, լուսավորության ցանց: Մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրին էլ վարչապետն անդրադարձավ: Տեղեկացրեց՝ նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նիկոլ Փաշինյան - Մենք հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, հույս ունեմ՝ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը:
ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԵՌԱՊԱՏԿՎԵԼ Է
Նիստի վերջում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ ներկայացրեց կենսաթոշակի ու նպաստի քարտերով անկանխիկ գործարքների հետվճարի դինամիկան: Մկրտչյանի խոսքով՝ ի տարբերություն մեկնարկային հուլիսի՝ սեպտեմբերին գործարքների ծավալը երկրի ներսում եռապատկվել է, կազմել 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Քարտապաններին նա նորից հիշեցրեց՝ հետվճարը տարածվում է միայն Հայաստանում կատարված անկախիկ գնումների վրա ու չի գործում ինտերնետային, նաև երկրից դուրս կատարված գործարքների դեպքում: Ասաց՝ ամփոփելուց հետո սեպտեմբերի հետվճարը կկազմի 120 միլիոն:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար) - Բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցել և՛ շահառուների թվի մեծացման առումով, և՛ գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով: Հետվճարի միջնացված չափը 3000-ն է:
Վարչապետը գոհ չէ. տատիկ-պապիկներին տրված խոստումը, ասաց, լավ չի կատարում: POS-տերմինալների տարածվածությունը դեռ բավարար չէ:
Նիկոլ Փաշինյան - Մենք խնդիր ունենք որ ՀՀ-ում. չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի, որպեսզի այս ծրագիրն իրականացվի:
Փաշինյանը հրավիրեց Կենտրոնական բանկի ու ՊԵԿ-ի ղեկավարների ուշադրությունը, հիշեցրեց՝ հանձնառություն էին ստանձնել՝ պատշաճ ապահովելու գործընթացը: Վստահեցրեց՝ հունվարից համակարգը չի կանգնելու, շարունակվելու է, իսկ հավաքված տվյալներն օգնելու են ավելի հասցեական դարձնել Կառավարության սոցիալական ծրագրերը: