ԵԱՏՄ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒԲԼՈՎ
ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներն անցել են գազի մատակարարումների համար ռուբլով վճարման՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Արզիբեկ Կոժոշևը։
«Ռուսական գազի համար ռուբլով վճարելուն համաձայնել են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը։ Ղազախստանն այժմ մտածում է այդ ուղղությամբ, նրանք նաև ցանկանում են առևտուր անել ազգային արժույթներով»,- հավելել է Կոժոշևը:
ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀՀ ՀԵՏ
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար: Ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում՝ Ալիևը նշել է, որ Արցախում պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի: Նա նաև հավելել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ. ԷՐԴՈՂԱՆ
Համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը պետք է վերանայվի, աշխարհում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամից բացի ուրիշ երկրներ էլ կան՝ Աստանայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա հավելել է, որ Ուկրաինայում արդար խաղաղություն կարող է հաստատվել միայն դիվանագիտության միջոցով։ Էրդողանի խոսքով՝ Անկարան ցանկանում է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունը և վերացնել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքները:
ՄԱԿ ԳԱ-Ն ՌԴ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դատապարտում է Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների անցկացումը։ Բանաձևի օգտին կողմ է քվեարկել 193 երկրից 143-ը, դեմ՝ 5-ը, մասնավորապես՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիան և Ռուսաստանը, ևս 35 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը: «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը» բանաձևի նախագիծն արժանացել է պատվիրակների աջակցությանը, չնայած Ռուսաստանի փորձերին՝ արգելափակել այս գործընթացը»,- նշել է նա։
Ռուսական կողմը նույնպես արձագանքել է. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ընդգծել է, որ հակառուսական բանաձևի քվեարկության արդյունքը հետընթաց է համաշխարհային դիվանագիտության համար։
ԿԻԵՎԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է Կիևի շրջանում կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մասնավորապես, նշվում է, որ առավոտյան առնվազն երեք պայթյուն է որոտացել։
Լրատվամիջոցների տվյալով՝ Կիևում օդային տագնապ է հայտարարվել, գիշերային պայթյուններ են լսվել նաև Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի տարածքներում:
ԲԱՅԴԵՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Ջո Բայդենը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Անկարայի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիրը, որը ստորագրել էր Դոնալդ Թրամփը 2019 թվականին՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո՝ հայտնում են Սպիտակ տնից։
«Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական կառավարության գործողությունները խաթարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ արշավը, վտանգում խաղաղ բնակիչների կյանքը, տարածաշրջանում անվտանգությունը և սպառնում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը»,- ասված է հայտարրաության մեջ: