Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում դասապրոցեսը կանգ է առել: Ուսանողներին լուր է հասել, որ Կառավարությունը մտադիր է իրենց բուհն ու ֆիզկուլտինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանի հետ, և նրանք դասադուլ ու բողոքի ցույց են սկսել:
Դիանա Գրիգորյան (Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող) - Եթե ես ցանկանայի ընդունվել Մանկավարժական համալսարան, ես իմ գործերը կտայի էնտեղ, ոչ թե Բրյուսով, եթե ուզենայի տալ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, կտայի էնտեղ, ոչ թե Բրյուսով:
Բրյուսովի ուսանողները Մանկավարժական համալսարանի դիպլոմ ստանալ չեն ուզում, ասում են՝ պայքարելու են մինչև վերջ:
Վլադիմիր Մարկոսյան (Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող) - Մեզ 10 օր են տվել՝ շենքը լքելու համար... Հավաստի աղբյուրներից է ճշտված ամեն ինչ, բայց ոչ մեկը չի պատրաստվում նման բան անել: Ես էս համալսարանում ունեմ շատ ու շատ լավ հիշողություններ, շատ ու շատ լավ ապրած ժամանակներ ու ես հաստատ չեմ ուզենա` այս համալսարանը դառնա չգիտեմ ում հյուրանոցը կամ առանձնատներից մեկը:
Ինչպես Բրյուսովի անվան համալսարանում բացատրեցին, բողոքի ալիքը բարձրացել է հոգաբարձուների խորհրդի երեկ հրավիրված հերթական նիստից հետո, երբ խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն առաջարկել է օրակարգից հանել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու մասին հարցը, իսկ նույն խորհրդի անդամ, կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ կա երեք բուհերը միավորելու նախաձեռնություն:
Բրյուսովի համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման առաջին ժամկետը լրանալու է եկող տարվա հունվարին: Նույն անձը կարող է վերընտրվել երկու անգամ: Խորհրդի կազմում նաև ուսանողներ են ընդգրկված, ու նրանք էլ, ըստ պրոռեկտորի, միավորման հեռանկարի մասին տեղեկացրել են ընկերներին:
Սահակ Մանուկյան (Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր) - Եվ այսօր առավոտյան տեղի են ունեցել ուսանողների հավաքներ, նրանք իրենց դիրքորոշումն են հայտնում՝ ըստ էության, համակարծիք չլինելով որոշման նախագծի հետ, քանի որ համարում են, որ Բրյուսովի համալսարանը 90-ամյա պատմություն ունեցող բուհ է, հայտնի է ոչ միայն հանրապետությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Ինչ վերաբերում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ու ղեկավարության կարծիքին` պրոռեկտոր Սահակ Մանուկյանն ասում է` շահառուները որոշման նախագծին ու դրա հիմնավորումներին ծանոթ չեն:
Սահակ Մանուկյան - Գուցե հիմնավորումներն ուսումնասիրելուց հետո հասկանանք, որ շատ տրամաբանված, հեռատես քայլ է, բայց որպես շահառու՝ ո՛չ մեր ուսանողները, ո՛չ մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ոչ էլ մեր շրջանավարտները չգիտեն, թե ինչու է այս քաղաքականությունը տարվում:
Պրոռեկտորն ասում է՝ գրություն են պատրաստում, որ որոշում կայացնողներին հրավիրեն ծուռ նստել, շիտակ խոսել, թե ինչու է պետք միավորել բուհերը, ինչ դրական արդյունք է դա տալու, իրենք էլ ներկայացնեն իրենց հակափաստարկները:
Սահակ Մանուկյան - Ես կարծում եմ, որ որոշում կայացնելուց առաջ պետք է շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրել, լսել, որպեսզի չսխալվել, մենք իրավունք չունենք բարձրագույն կրթության բնագավառում սխալ որոշումներ կայացնելու: Եթե դու հանկարծ սխալվես 5 տարի, 6 տարի, դրա բացասական հետևանքները 30-40 տարի իրենց զգալ են տալու:
Ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ զրուցել չհաջողվեց: Ցուցարար ուսանողներին նա ասել է մոտավորապես նույնը, ինչ պրոռեկտորը՝ մեզ: Նաև նշել է, որ ստորագրահավաք են սկսել՝ քննարկում կազմակերպելու, շեշտելու համար, որ չեն ցանկանում՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որևէ այլ բուհի հետ որևէ սցենարով: Տեղի ունեցողի վերաբերյալ կրթական գերատեսչությունից մեկնաբանություն չտվեցին՝ պարզաբանելու, թե ինչ միավորման մասին է խոսքը, ինչ ժամկետում, և եթե իրոք նման բան կա, դա ինչ կապ ունի ծրագրվող ակադեմիական քաղաքի հետ, որտեղ, ինչպես նշվել է, գործելու է մինչև 8 բուհ՝ ներկայիս 16-ի փոխարեն: Ասացին՝ հաղորդագրություն են պատրաստում, որը շուտով կհրապարակեն:
Հեղինակ` Աննա Զախարյան