ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Փաստաթղթում նշվում է, որ բացի Ուկրաինային աջակցությունից՝ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի՝ ամրապնդելու ժողովրդավարական այլ երկրների կայունությունը:
Անդրադարձ կա նաև մեր տարածաշրջանին: «Աջակցելու ենք Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին»,- ասված է ռազմավարության տեքստում։
Նշվում է նաև, որ Վաշինգտոնը կգործակցի Թուրքիայի հետ՝ ամրապնդելու նրա ռազմավարական, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կապերը Արևմուտքի հետ։
Փաստաթղթում շեշտվում է՝ ԱՄՆ-ը կհակազդի Իրանի գործողություններին և թույլ չի տա միջուկային զենք ստանալ:
Ռազմավարությունում Ռուսաստանը որակվել է որպես սպառնալիք, իսկ Չինաստանը՝ գլխավոր մրցակից:
Խոսելով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ը զսպելու է Ռուսաստանին, մրցելու է Չինաստանի հետ և փորձելու է հաղթել այդ մրցավազքում:
ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Այն տևել է 1.5 ժամ:
«Չնայած համաճարակային և քաղաքական սահմանափակումների հետ կապված դժվարություններին՝ մենք պարբերաբար հանդիպելու և շփվելու հնարավորություն ենք ստեղծում, ինչը լավ արդյունք է տալիս։ Սոչիում ձեռք բերված մեր պայմանավորվածություններն իրականացվում են: Խոսքը, այդ թվում, ներդրումային գործընթացների և Ակկույու ատոմակայանի շինարարության մասին է»,- նշել է Պուտինը, հավելել՝ մոտ ապագայում, հավանաբար, հնարավոր կլինի գործարկել առաջին էներգաբլոկը:
Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը ամբողջ ծավալով շարունակում է գազ մատակարարել Թուրքիա: ««Թուրքական հոսքը» բարեհաջող աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել։ Պարզվեց՝ Անկարան Մոսկվայի ամենահուսալի գործընկերն է Եվրոպա գազի մատակարարման հարցում: Թուրքիայում կարող է նաև գազային հանգույց կառուցվել, որը կծառայի որպես գազի գնի որոշման հարթակ, արդյունքում կբացառվի այս հարցի քաղաքականացումը»,- ընդգծել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ հացահատիկային միջանցքով ուկրաինական հացահատիկ ստացող երկրները պետք է երախտապարտ լինեն Էրդողանին: Թուրքիայի նախագահն իր հերթին ցանկություն է հայտնել մեծացնել ռուսական պարարտանյութերի և ցորենի մատակարարումը զարգացող երկրներ Թուրքիայի տարածքով: «Ռուսաստանի և Թուրքիայի ձեռնարկած քայլերը հնարավոր է՝ անհանգստացնեն որոշ շրջանակների, սակայն դրանք կբարելավեն աղքատ երկրների վիճակը»,- նշել է Էրդողանը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Էրդողանը հանդիպման ընթացքում չեն անդրադարձել ռուս-ուկրաինական կարգավորման թեմային:
ԱԼԻԵՎՆ ՈՒ ՌԱԻՍԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Աստանայում տեղի է ունեցել նաև Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանում զարգացումներին. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին նախագահների հանդիպումից հետո Թվիթերի միկրոբլոգում գրել է՝ «Նախագահ Ռաիսին հասկացրել է Ալիևին, որ Թեհրանի համար անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն։ Նա նաև մերժել է եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած պատրվակով: Արևմուտքը ռազմավարական առումով մեզ չի կարող շեղել»:
ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀՀ ՀԵՏ
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար: Ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում՝ Ալիևը նշել է, որ Արցախում պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի: Նա նաև հավելել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ:
ԻՐԱՆՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
Առաջիկա օրերին Իրանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Արաքսի շրջանում, նախատեսված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունները՝ տեղեկացրել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը:
Նա նշել է, որ լայնածավալ զորավարժություններն անցկացվում են ըստ ժամանակացույցի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զամաքային զորքերի մարտունակության բարձրացման նպատակով: