Շրջանառվում է 3 բուհի միավորման որոշում: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Սահմանված կարգով կշրջանառվի, կկայացվի համապատասխան որոշում: Ուզում եմ դիմել ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին՝ ոչինչ կտրուկ չի փոխվելու մեր կյանքում: Կրթության որակի բարձրացման միտում ունի այս ամենը: Որևէ հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միայն, գուցե, 2 ռեկտորի հաստիք պակաս լինի: Եթե 3 բուհ միավորվի, պարզ է՝ 3 ռեկտոր չի կարող լինել»,- ասաց Դումանյանը:
Նա շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի փոփոխություն չի լինելու: Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, նախարարն ասաց. «Երեք շենքն էլ պահպանվելու է, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են: Իհարկե, մենք ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը: Երբ կլինի ակադեմիական քաղաք, բոլոր բուհերի մասին է խոսքը լինելու»:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին, Երևանի պետական մանկավարժական համալսարանին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին: