Սուբվենցիոն ծրագրերը ենթակառուցվածքները արդիականացնելու հնարավորություն են: Արագածոտնի մարզն այս տարի 3 միլիարդ 700 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում: Սա մոտ 30 տոկոսով ավելի է 2021-ի ցուցանիշից: Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Ապարան, Ալագյազ ու Ծաղկահովիտ խոշորացված բնակավայրերում տեղում ծանոթացավ իրականացվող և արդեն ավարտված աշխատանքներին:
Մարզում սուբվենցիոն ծրագրերով հիմնականում ասֆալտապատումներ են իրականացվում: Ընդ որում՝ բարեկարգվում են նաև երբևէ չասֆալտապատված ճանապարհներ: Խոսքը Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների մասին է: Ծրագրի արժեքը ավելի քան 212 միլիոն դրամ է, որի կեսը պետությունն է հատկացրել, մյուս կեսը՝ համայնքը:
Սերգեյ Մովսիսյան (Արագածոտնի մարզպետ) - Թե՛ համայնքը՝ իր հերթին, թե՛ մարզպետարանը՝ իր հերթին, և նաև պատվիրատուն, եթե քաղշինն է՝ քաղշինն իր հերթին, որակի ստուգումներ են անում, և եթե չի համապատասխանում ստանդարտներին, նախագծով տրված պայմաններին, ապա աշխատանքը չի ընդունվում, և փոխանցումը չի կատարվում:
Մարզպետի հաջորդ կանգառը Ապարանում էր: Քաղաքում այս տարի բազմաթիվ փողոցներ են ասֆալտապատվել ու բակային տարածքներ բարեկարգվել, խաղահրապարակներ կառուցվել: Այստեղ ծրագրերի արժեքը 443 միլիոն դրամ է: Համաֆինանսավորումը տարբեր է. ասֆալտապատման դեպքում պետական աջակցությունը 35, համայնքի մասնակցությունը 65 տոկոս է, գազիֆիկացման դեպքում՝ 30-70:
Արկադի Կարապետյան (Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ) - Փողոցներ ունեցել ենք, որ ժամանակին եղել են ասֆալտապատ, բայց արդեն շարքից դուրս են եկել: Կոնկրետ՝ որտեղ որ կանգնած ենք, երբևիցէ ասֆալտապատ չի եղել: Պահանջում ենք տեխհսկիչից, որ ինքն իր գործը կատարի, և ամենօրյա ռեժիմով նաև մենք ենք հետևում շինարարական աշխատանքներին, որովհետև մենք մտածում ենք այսպես. աշխատանքը կատարվում է կա՛մ լավ, կա՛մ չի կատարվում:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Գեղաձոր, Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ և Բերքառատ բնակավայրերը շուտով կգազիֆիկացվեն: Մարզպետը շինարարներից հետաքրքրվեց՝ արդյոք եղանակային պայմանները կարո՞ղ են խոչընդոտել մինչև տարեվերջ՝ մրցույթով սահմանված կարգով ծրագիրը ավարտին հասցնելու:
Սարգիս Արամյան (շինարար) - Ներառված է 5 գյուղ, որոնք պետք է գազիֆիկացվեն: Սկսվում է Ծաղկահովիտ գյուղից, ավարտվում է Նորաշենում: 19 կիլոմետր է, որից 3 կիլոմետրը գնում է երկաթ, մնացածը՝ պոլիէթիլեն:
Մարզպետ Մովսիսյանը հանձնարարեց հսկողության տակ պահել շինարարությունը, մասնավոր ընկերությանը օգնել՝ մինչև ձմեռ ավարտել շինաշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 339 միլիոն դրամ է: Պետության համաֆինանսավորումը 65, համայնքի մասնաբաժինը 35 տոկոս է: Աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարվել է:
Սերգեյ Մովսիսյան - Գլխավոր ճանապարհը պետությունն է անում, իսկ արդեն դեպի գյուղ մտնող ենթակառուցվածքը խողովակն արդեն սուբվենցիայով ներկայացրել է Ծաղկահովիտ համայնքը: 23 թվականի սուբվենցիայի ծրագրում արդեն կան, և մինչև գյուղի մեջ գազը մտած կլինի:
Մարզպետ Մովսիսյանը Գեղաձորում պետական աջակցությամբ իրականացվող 1.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին էլ հետևեց: Ավելի քան 264 միլիոն դրամ է հատկացվել դեպի գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատելու համար: Շինարարները հողային աշխատանքներն ավարտել, ջրահեռացման ցանցին են անցել:
Նորաին Հակոբյան (Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար) - «Շատ-շատ երկար են սպասել, իրենք կյանքում ո՛չ ճանապարհ են տեսել, ոչ էլ ճանապարհ է եղել, քանդված տանկադրոմ է եղել»:
Արագածոտնի մարզը 2023-ի սուբվենցիոն ծրագրերի փաթեթն արդեն պատրաստել, վերջնական տարբերակը շուտով կներկայացվի Կառավարություն: Ծրագրերի ընդհանուր արժեքը, նախնական հաշվարկով, գերազանցում է 7 միլիարդ դրամը: Գերակշռում են ասֆալտապատման, մանկապարտեզների ու դպրոցների կառուցման ու վերակառուցման ծրագրերը: