Ռուսաստանը կարող է Թուրքիայում խոշորագույն գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի նիստում:
Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվան կարող է վերաուղղորդել մատակարարումները Սև ծովի տարածաշրջան և այդ կերպ փոխհատուցել «Հյուսիսային հոսքերով» տարանցման կորցրած ծավալը:
««Թուրքական հոսքով» այժմ Եվրոպա է տեղափոխվում 14 մլրդ խ. մ գազ։ «Հյուսիսային հոսքերով» տարանցման կորսված ծավալը մենք կարող ենք տեղափոխել նաև Սև ծովի տարածաշրջան և դրանով իսկ մեր վառելիքի հիմնական երթուղիներով մատակարարումը Եվրոպա կատարել Թուրքիայի միջոցով՝ Թուրքիայում ստեղծելով Եվրոպայի խոշորագույն գազային հանգույց, եթե, իհարկե, դրանում շահագրգռված են մեր գործընկերները»,- հայտարարել է Պուտինը։
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել քննարկել գազային հանգույցի մասին Պուտինի առաջարկը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը գազային հանգույցի մասին նոր է և պահանջում է քննարկում»,- հայտարարել են Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից։
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան