ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավային Կովկասի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիային և գենդերային և տնտեսական ներառման վերլուծաբան Քեթի Տիկանաշվիլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների ընթացքին:
Նախարարի տեղակալները մատնանշել են հնարավոր համագործակցության այն ուղիները, որոնք առաջնահերթ են երկու կողմերի համար: Նրանք ընդգծել են, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագիրը», որտեղ սահմանվել են ոլորտի թիրախները և կարիքները:
Որպես մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը համակարգող նախարարի տեղակալ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը և դրա շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխնախարարն ընդգծել է մասնավոր հատվածի համար ՄԿՈՒ ոլորտի որակյալ աշխատուժի խնդիրը՝ այդ համատեքստում կարևորելով համապատասխան հմտությունների զարգացումը կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի միջոցով: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ բարեփոխումներն իրականացվում են պետության համար գերակա համարվող ոլորտներում մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ վերջերս Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպվել է հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ, որը կնպաստի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը: Նրա խոսքով՝ այս մոդելը կարող է հաջողված օրինակ հանդիսանալ ոլորտի մյուս հաստատությունների համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարիքների քարտեզագրման հնարավորությանը՝ համապատասխան փորձագետների ներգրավմամբ: Կարևորվել են նաև աշխատաշուկայում գենդերային հավասարության խթանման, կրթության ներառականության և հասանելիության հետ կապված այլ հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ առավել մանրամասն քննարկելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող աջակցության ձևաչափը: