ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչներին՝ Բերենժեր Կալամանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԶՖԳ-ի հետ համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, ոլորտի զարգացման հեռանկարները:
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ կարևոր է տեղական նշանակության ճանապարհային ցանցի հիմնախնդիրների վերհանումը, այդ խնդիրների լուծումը և ցանցի վերականգնումը, որն էական ազդեցություն կունենա համայնքներում բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։
Նախարարի տեղակալը խոսել է նաև ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներից և հավելել, որ ճանապարհների անվտանգության խնդիրների լուծումներն առաջնային են Կառավարության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող կարևոր նշանակության այլ հարցեր ևս: