2010 թվականից հետո տարեկան հալչելու տեմպերը աճել են մինչև 51,9 մլրդ տոննա: Ռուս և օտարերկրացի կլիմայագետներն առաջին անգամ հետևել են սառցալեռների և հյուսիսային կիսագնդի ափամերձ սառցադաշտերի ծովային մասի հալմանը և եկել այն եզրակացության, որ այդ գործընթացից ծովի մակարդակը բարձրացել է 2,2 մմ-ով 2000-2020 թվականներին։ Այդ գործընթացները մեծապես ազդել են Ռուսաստանի սառցադաշտերի վրա՝ գրում են հետազոտողները Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մեր կատարած հաշվարկները ցույց են տվել, որ վերջին երկու տասնամյակում հյուսիսային կիսագնդի բոլոր ափամերձ սառցե զանգվածները տարեկան ավելի քան 223 մլրդ տոննայով նվազել են՝ ծովերի և օվկիանոսների ջրերում հալման, ինչպես նաև սառցալեռների պարբերական անջատման հետևանքով: Դա նշանակում է, որ ծովի մակարդակն այդ ժամանակահատվածում աճել է»,- գրում են հետազոտողները:
Կլիմայական փոփոխությունների առաջին «զոհերը» Երկրի կիսաբևեռ շրջաններն են և լեռնային սառցադաշտերը: Դրանց տարածքում ջերմաստիճանը 4-9 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր է, քան նախորդ դարերում, ինչն ապագայում կհանգեցնի այդ սառցե ծածկերի կտրուկ կրճատման:
Այդ գործընթացները և աշխարհի որոշ տարածաշրջաններում դրանց արագացման փաստը պետք է հաշվի առնել կլիմայական կանխատեսումներում՝ ամփոփել են գիտնականները:
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան