ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ասել է, որ Ռուսաստանը հնարավորինս կզարգացնի մշակութային կապերը ԱՊՀ երկրների հետ։ Նա ընդգծել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել երիտասարդական արվեստին։
«Հետխորհրդային տարածքում աշխատանքի ակտիվացումն անհրաժեշտ է, և դա ցույց տվեց Հայաստանում ՌԴ հոգևոր մշակույթի օրերի բարեհաջող ավարտը, որի ժամանակ կայացավ ռուսական և հայկական թանգարանների ղեկավարների հավաքը կլոր սեղանի շուրջը»,- հայտնել է պաշտոնյան։
«Կարծում եմ, որ մենք առավելագույնս կզարգացնենք մշակութային կապերը համագործակցության երկրների հետ։ Այս թեման, հուսով եմ՝ կլսվի Աստանայում կայանալիք պետությունների ղեկավարների խորհրդում։ Ինձ թվում է, որ սա պետք է հատուկ հետաքրքրության առարկա լինի»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ խոսքը նաև Ռուսաստանում գործընկերների մշակութային ձեռքբերումները ներկայացնելու մասին է։
Հեղինակ՝ Եվա Մինասյան