Բնապահպանական խնդիրները լուծելու համար Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի և Ուկրաինայի մասնագետները համախմբվել են մեկ՝ «Պոնտոս» հարթակում: Եվրամիության «Պոնտոս» ծրագրով, ըստ էության, հնարավոր է իրականացնել շրջակա միջավայրի արբանյակային մոնիթորինգ, որից հետո խնդիրների լուծումը կգտնեն մասնագետները:
Աղավնի Հարությունյան («Պոնտոս» ծրագրի ղեկավար) - Օրինակ՝ եթե ձեզ հետաքրքրում է անտառածածկի վերլուծությունը կամ ջրի որակի փոփոխությունը, երկարաժամկետ ժամանակահատվածում կարող ենք արբանյակային նկարներով հետ գնալ 20-30 և ավելի տարիներ և տեսնել, թե ինչպիսի փոփոխություններ են եղել:
Արբանյակային տվյալներն ուսումնասիրելով՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկման վերջին տասը տարիների ընթացքին հետևել է Կարապետ Գազանչյանը: Ըստ նրա՝ պատճառը միանշանակ լիճ լցվող ֆոսֆորի և ազոտի մեծ քանակն է ու ջերմաստիճանի բարձրացումը: Որպես լճագետ Կարապետ Գազանչյանն արդեն ունի լիճը փրկելու լուծում:
Կարապետ Գազանչյան («Պոնտոս» ծրագրի հետազոտող) - Կլիմայի փոփոխություններով մենք կունենանք էլ ավելի բարձր ջերմաստիճան, սա մեր կոնտրոլից դուրս է, բայց մի բան, որ կարանք կոնտրոլ անենք, դա սննդապաշարի քանակը, առաջին հերթին պետք է մենք փակենք կամ նվազեցնենք ֆոսֆորի և ազոտի ներմուծումը դեպի Սևանա լիճ:
Սևան լցվող բոլոր ջրերը պետք է մաքրվեն կայանների միջոցով, որոնց քանակն ընդամենը երեքն է: Ընդ որում՝ դրանք միայն ֆիզիկական մաքրում են կատարում, մինչդեռ գետերը պետք է մաքրվեն նաև կենսաբանական տարրերից: Սևանի ավազանի անտառածածկի արբանայակային պատկերների փոփոխությունն էլ ուսումնասիրել է Եվա Դանիելյանը: Սևանի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված՝ մաքրված 500 հեկտար անտառածածկ տարածքը համընկնում է պաշտոնական տվյալների հետ, սակայն փաստաթղթերում մաքրված հատվածների կոորդինատներ չկան՝ ասում է հետազոտողը: Այժմ արբանյակի նկարածից ոչ մի ծառ դուրս չի մնա՝ վստահ է նա:
Եվա Դանիելյան («Պոնտոս» ծրագրի հետազոտող) - Եթե մենք ունենք, ենթադրենք՝ այս հատատեղում կտրվել ա ավելի քան 60 ծառ, ու տվյալ տեղամասի տվյալ հատվածում շատ դժվար էր գտնել, մենք չունեինք հստակ կոորդինատները, որ հասկանայինք՝ արդյոք դա ա՞յդ փոփոխությունն ա, թե՞ ոչ:
Բնապահպանական խնդիրները ուսումնասիրելու հարցում ակտիվ համագործակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնն ու Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Պոնտոսի» տվյալների հավաքագրումից օգտվելով տեսուչների աշխատանքը ավելի արդյունավետ կդառնա՝ նշում է տեսչականի ղեկավարը:
Հովհաննես Մարտիրոսյան (Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի ղեկավար) - Էս ծրագրի մեջ մեր աշխատակիցները երբ որ հավաքագրման աշխատանքներ են իրականացրել և գործիքները սկսել են աշխատացնել, այդ հիմքի վրա արդեն հնարավորություն ենք ստացել նաև մեր հնարավորությունները, կարողությունները զարգացնել՝ ձեռք բերելով անօդաչու թռչող սարք: Իր տեխնիկական ծրագրային ապահովում արդեն իսկ մեր աշխատակիցները հմտություն ունեն դրանք կիրառելու:
Վերահսկողության գործող մեթոդները վաղուց հնացել են՝ ասում է Հովհաննես Մարտիրոսյանը: Օգտագործելով «Պոնտոս» ծրագրի տվյալները՝ 2023-ից ընդերքի վերահսկողությունը կիրականացվի նաև անօդաչու սարքերով: