Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության Grassroots ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով:
Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ 3000 երեխա:
Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին և «Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության» նախագահ Արսեն Պապոյանը ստորագրել են «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը:
Արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը` շարունակական աջակցության և ներդրած ջանքերի համար: Նա նշել է, որ ՀՀ Կառավարությունը, կարևորելով կրթության որակի բարելավումը, այժմ բարեփոխումների ակտիվ փուլում է և սահմանել է հստակ թիրախներ:
«Ճապոնիայի կառավարության այս նախաձեռնությունն աջակցում է ՀՀ Կառավարության քաղաքականությանը՝ կրթական համակարգում ստեղծելու բարենպաստ պայմաններ, որի շահառուներն այս դեպքում Շիրակի մարզի մեր երեխաներն են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից վստահություն է հայտնել՝ նոր սերունդը մեծ ներուժ ունի, և նրա համար պետք է ստեղծվեն լավ պայմաններ. «Լիահույս ենք՝ այս ծրագիրը կնպաստի տարածաշրջանում կրթության որակի և երեխաների բարեկեցության բարելավմանը»:
Ծրագիրը կարևորել և աջակցության համար շնորհակալություն են հայտնել նաև «Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության» ներկայացուցիչները: