Բաղրամյան-Կասյան փողոցների հատման կետում արդեն մի քանի օր ճանապարհը շրջանցելու նշաններ են տեղադրված: Նորոգվում է փողոցները միացնող էստակադը: 15 տարվա շահագործումից հետո քայքայվել են դեֆորմացիոն կարերը:
Մինաս Մինասյան (Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն) - Հիմա ամեն ձև փորձում ենք դեֆորմացիոն կարերը հիմնանորոգենք, որ կամուրջն ավելի երկարատև կյանք ունենա, որ կամուրջն ամբողջովին չքանդենք և նորը չկառուցենք:
Էստակադը փակելուց հետո տարածքում երթևեկությունը ծանրաբեռնվել է: Շինարարները, սակայն, նշում են՝ եթե հիմա աշխատանքները չսկսվեին, կառույցի փլուզման վտանգ կառաջանար:
Մինաս Մինասյան - Զգացինք աշխատանքների ընթացքում, որ երկրորդ շովն էլ է ամբողջովին խնդրահարույց, պետք է դա էլ վերանորոգվի: Քանի որ ճանապարհը փակել էինք, երթևեկությունը կանգնացրել էինք, որոշեցինք դա էլ հիմնանորոգենք:
Դեֆորմացիոն կարերի նորոգումից բացի, ներկվում են նաև եզրաքարերը: Աշխատանքների ավարտի օր սահմանվել է հոկտեմբերի 25-ը, բայց շինարարները ժամկետից շուտ ավարտելու նպատակ ունեն:
Մինաս Մինասյան - Հոկտեմբերի 18-ին կվերջացնենք կամուրջը, կհանձնենք շահագործման:
Աշխատանքների ավարտից հետո տարածքում կվերականգնվի բնականոն երթևեկությունը: Մասնագետների գնահատմամբ՝ Բաղրամյան-Կասյան փողոցները կապող կամուրջը վարորդներին առանց խնդիրների կծառայի ևս 2-3 տարի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան