Հարյուրավոր կետեր հայտնվել են Նոր Զելանդիայի Չաթեմյան կղզիների հեռավոր ափերին՝ մի քանի օր տարբերությամբ: Դա խորապես «ազդել է» այնտեղ ապրող մարդկանց վրա՝ ասել են պաշտոնյաները: Ուրբաթ օրը մոտ 230 կետեր խրվել են կամ ծովափ են ընկել Չաթեմյան կղզուց հյուսիս-արևմուտք, ևս 245 կետ՝ Փիթ կղզում՝ հայտնել է Նոր Զելանդիայի պահպանության դեպարտամենտը: Կետերից շատերն արդեն սատկած են եղել, բայց մնացածներին հարկադրված ենթարկել են էվթանազիայի, քանի որ նրանց հնարավոր չէր վերադարձնել ջուրը՝ շնաձկների հարձակման վտանգի պատճառով:
«Սա տխուր իրադարձություն է թիմի և համայնքի համար»,- ասվում է պահպանության բաժնի տեխնիկական խորհրդատու Դեյվ Լունդքվիստի հայտարարության մեջ: Հարյուրավոր կետեր սատկել են ընդամենը երկու շաբաթ առաջ՝ մայրցամաքից հարավ-արևելք գտնվող Թասմանիայի արևմտյան ափին խրվելուց հետո: Քանի որ կետերը սոցիալական կաթնասուններ են, նրանց բնազդն է մնալ իրենց խմբերի հետ: Նրանք կարող են խմբերով խեղդվել՝ փորձելով օգնել մեկ վիրավոր կետի կամ ջուրը վերադարձվելուց հետո դուրս նետվել ափ, եթե լսեն որևէ կետի աղետալի կանչը ցամաքից:
Փորձագետները դեռևս մինչև վերջ չեն պարզել, թե ինչու են կետերը նետվում ծանծաղուտ, բայց դա տարածված երևույթ է, որը կարող է ազդել նաև այլ ծովային կենդանիների վրա, ինչպիսիք են դելֆինները: Չաթեմյան կղզիներում գրանցված ամենամեծ զանգվածային նետումը ներգրավել է մոտ 1000 կետի և տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ:
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան