Հոկտեմբերի 11-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված հայ զինծառայողների խոշտագումների տեսանյութը նույնականացվել է, այն նկարահանված է սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի մարտական դիրքի բունկերում:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան) - Նաև նույնականացրել ենք զինծառայողներին: Ցավոք, 3-ն էլ զոհված են, և սա ևս մեկ ապացույց է մի բանի, որ գերու կարգավիճակ ունեցող զինծառայողները ենթարկվել են արտադատական ինքնադաստանի և մահապատժի:
Խոշտանգումների մասին հերթական տեսանյութը տարածելուց 1 օր առաջ էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին դիմել նամակով՝ պահանջելով մանրամասներ հայտնել հոկտեմբերի 2-ին տարածված՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչ (Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար) - Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և ցնցող հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ստույգ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած միջոցների վերաբերյալ։ Ես վկայակոչում եմ տեսանյութը, որը պատկերում է սարսափելի բռնություն հայ ռազմագերիների նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները։ Խնդրում եմ` տեղեկացված լինեք, որ Եվրոպայի խորհուրդը հարցին շատ ուշադիր է հետևելու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով տրված մանդատի համաձայն, որ ապահովվի կազմակերպության չափանիշների նկատմամբ լիակատար հարգանքը:
Սակայն այս տեսանյութի հրապարակումը փաստում է՝ ո՛չ այս նամակը, ո՛չ այս օրերին տարբեր քաղաքական գործիչների ու կառույցների կողմից հնչող հասցեական մեղադրանքները Ադրբեջանի քաղաքականությունը չեն փոխում: Այս անգամ տեսանյութը մոնտաժել էին, խոշտանգողների դեմքերը փակել:
Արտակ Զեյնալյան - Այն, որ կենտրոնացած քաղաքականություն վարվում է տեղեկատվական պայքարի հիբրիդային պատերազմում, դա միանշանակ է, այս նույն գործող անձանցով էլի տեսանյութ կա, որում դեմքերը բաց են, և համազգեստով կարող ենք նույնականացնել, համազգեստի նախշերը և համադրությունները երկրորդ անգամ չեն կրկվում, հնարավոր է նաև ձայնով նույնականացնել: Նույն անձը, որ կադրի հետևում հրահանգներ է տալիս, մեկ այլ տեսանյութում էլ է հրահանգներ տալիս:
էլի նույն դիրքի մոտ է նկարահանվել՝ մանրամասնում է Զեյնալյանը:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, Թվիթերում այդ տեսանյութը տարածելով, շեշտում է՝ միջազգային կառույցների մտահոգիչ գրառումները առ ոչինչ են Ալիևի համար:
Լինդսի Սնել - Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգելու հերթական սարսափելի տեսանյութը` որպեսզի ադրբեջանական գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին ԵՄ քաղաքական գործիչները Թվիթերում իրենց խոր մտահոգությունը արտահայտելու առիթ ունենան:
Լրագրողի դիտարկմամբ` խոշտանգողներից մեկի առոգանությունը թուրքական է:
Արտակ Զեյնալյան - Հատուկ նշանակության ջոկատն է օպերացիան իրականացրել, նրանց ևս երկուսին հնարավոր է նույնականացնել, «Յաշմայից» են նրանք, հնարավոր է նաև՝ պատրաստություն անցած լինեն Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում:
Տեսանյութերը ապացույց են, և բոլոր խողովակներով պետք է միջազգային կառույցներում դարձնել այն տեսանելի՝ Եվրադատարանում գերիների ու անհետ կորածների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի դիտարկումն է:
Արտակ Զեյնալյան - Այս տեսանյութը Զեկույցում կներառվի որպես փաստագրական նյութ, կդիմենք նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կդիմենք կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին։ Սա արդեն Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն է՝ արձանագրմամբ.
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։ Այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից։ Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից՝ պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել։
Բայց անգամ այսպիսի ապացույցների դեպքում միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար համառ ջանքեր են պետք, բարդ ու երկարատև գործընթաց է:
Արտակ Զեյնալյան - Մենք 6 հատ դատական ակտ ունենք հաղթած, որոնցով սահմռկեցուցիչ բաներ են հաստատված, բայց ինչ է արվում... Օրինակ՝ 2004-ին Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարել էր Ռամիլ Սաֆարովը: Եվրադատարանի 2020-ի վճռով ճանաչվեց Գուրգեն Մարգարյանի խախտված իրավունքը: Բայց 2 տարի է անցել, Բաքուն չի կատարել վճիռը: Այդպես նաև մյուս վճիռների դեպքում:
Սարիբեկյանի, Խոջոյանի, Կարեն Պետրոսյանի, Բադալյանի, Լապշինի վճիռները կայացված չեն: Լապշինին խեղդամահ են արել, Պետրոսյանին գլխատել են, Սարիբեկյանին կախել են, Խոջոյանին դիզվառելիք են ներարկել, ապացույցները կեղծել են, ներկայացրել Եվրոպական դատարան:
Որպեսզի Բաքուն կատարի ՄԻԵԴ վճիռները, պետք է լինել խիստ հետևողական, պահանջատեր, հատկապես անելիք ունի Արտաքին գործերի նախարարությունը: Իրավապաշտպանը շեշտում է՝ այս մասին նաև շատ պետք է խոսել, առանձին-առանձին տարբեր հարթակներում ներկայացնել դատական ակտերը, կազմակերպել քննարկումներ՝ ընդգրկելով միջազգային ներկայացուցիչների:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան