Որոշ երկրներ փորձում են օգտվել ներկայիս աշխարհակարգի փլուզման գործընթացից՝ հրահրելով նոր առճակատումներ՝ հանուն իրենց եսասիրական նպատակների. նման քաղաքականություն այսօր վարում է Թուրքիան՝ Ադրբեջանի հետ տանդեմով: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում «Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը» զեկույցի քննարկման ընթացքում հայտարարել է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Նման մտադրություններով Թուրքիան շարունակում է կեղծավոր կերպով հայտարարել Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամության մասին: Այո՛, Հայաստանը ցանկանում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների, և դա չպետք է կախված լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։
Թուրքիայի հետ հարաբերություններին է անդրադարձել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը:
Արմեն Գևորգյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Այս վեհաժողովում շատ երկրներ կարող են վկայել, որ առնվազն բարդ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Որոշ երկրներ հույս ունեին, որ Եվրամիությանն անդամակցության գործընթացի ֆոնին Թուրքիան կսկսի շարժվել եվրոպական խաղի կանոններով։ Սակայն Անկարան մերժել է այդ ուղին՝ տեղի տալով մուսուլմանական աշխարհի և ավելի մեծ տարածաշրջանի առաջնորդ դառնալու հավակնություններին: Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանը։
Արմեն Գևորգյանն ընդգծել է նաև, որ Թուրքիան երբևէ չի թաքցրել իր քաղաքական և ռազմական աջակցությունը Բաքվին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ։
Արմեն Գևորգյան - Թուրքիան և նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանը ցանկանում են հիմնովին փոխել Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, տարածաշրջանային անվտանգության և կայունության նոր ճարտարապետություն առաջարկել։ Թուրքական գործոնը ներքաղաքական լուրջ մարտահրավեր է դարձել նաև Եվրոպական շատ երկրների համար։ Չեմ հավատում, որ մեր կազմակերպությունը կամ եվրոպական արժեքների վրա հիմնված ցանկացած այլ կազմակերպություն կարող է թույլ տալ Թուրքիային առաջ մղել իր կարճաժամկետ շահերը՝ դրանց զոհաբերելով եվրոպական երկարաժամկետ վստահությունը:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ
Հայկական պատվիրակության անդամները ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունն են հրավիրել նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման հետևանքներին: Արուսյակ Ջուլհակյանը դիմել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի եվրոպական հարցերով պետնախարար Թոմաս Բըրնին, հետաքրքրվել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել իռլանդական նախագահությունը՝ հասցեագրելու Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների խախտումները:
Թոմաս Բըրն (ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ) - Ռազմական ուժերի կիրառումն անընդունելի է մեր կազմակերպության անդամ երկրների միջև առկա վեճերը կարգավորելու տեսանկյունից: Հուսով եմ՝ կողմերը շուտով համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ։ Սեպտեմբերի սկզբին Իռլանդիայի նախագահությունը միացավ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված կոչին՝ անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները: Եվրոպայի խորհուրդը պետք է մեծ դեր խաղա երկարատև խաղաղության համար նպաստավոր պայմաններ ապահովելու գործում, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներով: Եվրոպայի խորհրդին միանալով՝ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել են լուծել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով. կարևոր է, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվի իր ստանձնած պարտավորություններով:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Քննարկման ավարտին «Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը» բանաձևի նախագիծը ներկայացվել է քվեարկության և ընդունվել ձայների ճնշող մեծամասնությամբ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Վեհաժողովին մտահոգում են Թուրքիայում դատական համակարգի անկախության մակարդակը, խոսքի և մամուլի ազատության սահմանափակման դեպքերը, հակաահաբեկչական օրենսդրության չափից դուրս կամայական մեկնաբանությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը, մարդու իրավունքների պաշտպանության սահմանափակումները, քաղաքական գործիչների և ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև իրավաբանների, լրագրողների, ակադեմիկոսների և քաղհասարակության ակտիվիստների հիմնարար իրավունքների ոտնահարումը։ Բանաձևի համաձայն՝ Վեհաժողովը հետևում է նաև կանանց իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը և գործելաոճին: