ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել:
Ըստ հաղորդագրության՝ ահաբեկչությունը կազմակերպել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները: Անվտանգության դաշնային ծառայության տվյալով՝ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք։
«Բեռի տեղափոխմանը ներգրավված են եղել Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հայաստանի մեկ քաղաքացի։ Կան ձերբակալվածներ»,- ասված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել: Ղրիմի Պետական խորհրդի խոսնակը տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական կողմին: Վերջին տվյալով՝ միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։
ԹԵՀՐԱՆԸ ԴԵՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումը. Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանային կամ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։
«Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է յուրաքանչյուր երկրի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, կոչ արել լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով»,- հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները շարունակաբար ընդլայնվում են: Նախարարը նաև կարևոր է համարել երկու երկրի միջև տարանցման դյուրացումը, ինչը, նրա խոսքով, հնարավոր է Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը ներգրավված իրանական ընկերությունների ծախսերը պակասեցնելու միջոցով։
ԿԱՅԱՑԵԼ Է ՇՈՅԳՈՒ-ԱՔԱՐ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը, Ուկրաինայում զարգացումները, հացահատիկային գործարքի իրականացումը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարները: ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ թուրքական կողմը վերահաստատել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու հարցում աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։
Անդրադարձ է եղել Սիրիայի շուրջ զարգացումներին:
«Նախարարները նշել են Սիրիայում ահաբեկչական սպառնալիքների կանխարգելմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՊՈՒՏԻՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԷՄԳ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Վլադիմիր Պուտինն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Ռուսաստանի նախագահը հավատացրել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկելու Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված ցանկացած հարց և լուծել առկա խնդիրները:
«Այսօր միջուկային գործունեությունը չափից շատ է քաղաքականացվում, դա վտանգավոր է»,- մտահոգություն է հայտնել Պուտինը:
Գրոսին ընդգծել է՝ Պուտինի հետ հանդիպումը չափազանց կարևոր է, քանի որ կան թեմաներ, որոնք անմիջական առնչություն ունեն կայանի անվտանգության հետ:
G7-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Մեծ յոթնյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել՝ դատապարտելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, մասնավորապես՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորժիեում հանրաքվեների անցկացումը:
Առաջնորդները կոչ են արել բոլոր երկրներին նույնպես դատապարտել միջազգային իրավունքի խախտումները և պահանջել Մոսկվայից ամբողջությամբ դուրս բերել ուժերը Ուկրաինայի տարածքից։
«Մեծ յոթնյակը» հայտնել է Կիևին ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին, ինչպես նաև խոստացել օգնել Կիևին հաղթահարել գալիք ձմեռը: G7-ը նաև մտահոգություն է հայտնել «Հյուսիսային հոսքերին» հասցված վնասի կապակցությամբ:
«Մեծ յոթնյակի» ղեկավարների հանդիպմանն առցանց ձևաչափով մասնակցել է նաև Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահը հորդորել է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, հավելել՝ ռուս-ուկրաինական բանակցությունները հնարավոր կլինեն միայն Ռուսաստանի մեկ այլ առաջնորդի հետ, որը կճանաչի ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: