Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան հատվածում, կրակոցներ են հնչում:
Նշված վայր մեկնած ոստիկաններին 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է կրակել, իսկ զենքերն ու փամփուշտներն ընկերոջ «Տոյոտայի» բեռնախցիկում են: Առինջ գյուղի 24-ամյա բնակիչը և մեքենայատերը՝ Արագած գյուղի 33-ամյա բնակիչը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժնում 24-ամյա առինջեցին հայտնել է, որ ավտոմեքենայում առկա զենքերից չորսն իրենն են, ունի համապատասխան թույլտվություն, իսկ փամփուշտները բերել է 2020 թ. Արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ: Նա նաև հայտնել է, որ զենքերից մեկը 33-ամյա ընկերոջինն է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Տոյոտայի» խուզարկությամբ հայտնաբերվել են «ՎԵՊՐ» տեսակի 5,45 մմ տրամաչափի որսորդական ակոսափող չորս հրացան, AKC 366 Lancaster-03,366 TKM տեսակի որսորդական ողորկափող մեկ հրացան, Ֆ-1 տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով, պահունակներ, դանակներ, նշանոցներ, խլացուցիչներ և տարբեր տրամաչափի մի քանի հարյուր փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Քրեական վարույթը շարունակվում է: