Գեղարքունիքի մարզի բնակիչները փորձում են մարել ադրբեջանցի զինվորների վառած կրակը: Սեպտեմբերի 1-ի այս տեսանյութը միակը չէ, որ պատկերում է ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները: Դրանք փաստագրված և որպես ապացույց ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Ըստ բնակիչների՝ ադրբեջանցի զինծառայողները հրդեհած անիվներն իրենց դիրքերի բարձրությունից բաց են թողնում հավաքած խոտի և արոտավայրի ուղղությամբ՝ միտումնավոր այրելով խոտը ու հրդեհելով արոտավայրերը: Ավելին՝ հրդեհները տեղի են ունենում այնպիսի բարձրադիր վայրերում, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով են մարում կրակը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հուլիսին և օգոստոսին շրջել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 20-ից ավելի սահմանամերձ գյուղերում, արձանագրել 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո այնտեղ բնակվող անձանց կյանքի, սեփականության և այլ իրավունքների խախտումները: Բնակիչները նշել են՝ ադրբեջանցիները նաև խմելու և ոռոգման ջրի խնդիրներ են ստեղծում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Նորաբակում արձանագրվել է, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ: Նրանց վերահսկողության ներքո են նաև գյուղի ջրամատակարարման համար ծառայող ջրավազանը և շուրջ 2,5 կիլոմետր երկարությամբ ջրագիծը:
Ադրբեջանցի զինծառայողները գիշերային ժամերին միացնում են հեռահար լույսեր, լուսատու փամփուշտներով կրակոցներ են արձակում, մշտադիտարկում իրականացնում նաև անօդաչու թռչող սարքերով՝ նշված է արտահերթ զեկույցում: Սահմանամերձ գյուղերում փաստահավաք առաքելություն է իրականացրել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, արձանագրել՝ Ադրբեջանի զինուժը գողանում կամ հեռահար կրակով վնասում է ընտանի կենդանիներին, թիրախավորում վարելահողերը, արոտավայրերն ու խոտհարքները:
Սամսոն Գալստյան (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան) - Քաղաքացիները և այդտեղ բնակվող անձինք չէին կարողանում ազատորեն օգտագործել իրենց արոտավայրերը, անասունները տանել այլ վայրեր, որտեղ կարող են դրանց պահել: Դրանով Ադրբեջանի զինվորները փորձում են ահաբեկել, վախի մթնոլորտ ստեղծել հայ ժողովրդի համար, այդտեղ բնակվող անձանց համար:
Սամսոն Գալստյանի և այլ իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում են նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո առաջացած մարդու իրավունքների կոպտագույն խախտումները:
Սամսոն Գալստյան - Անհատական զրույցներ ենք ունեցել քաղաքացիների հետ, այցելել ենք այն բոլոր բնակավայրերը, տները, կառույցները, որոնք քանդվել են, որոնք վնասվել են Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում և նախապատրաստվում ենք նաև ՄԻԵԴ դիմումներ ներկայացնել սեփականության իրավունքի խախտման դեպքերով:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը արդեն մեկ տարի է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում մեր երկրի սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանական զինուժի բոլոր խախտումները:
Լիպարիտ Դրմեյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Այդ ամենի մասին Եվրոպական դատարանը ոչ միայն տեղեկացվել է միջանկյալ միջոց կիրառելու դիմումների կոնտեքստում, այլ նաև նշված դեպքերը, որպես առանձին պահանջ, խախտումներ արձանագրող դեպքեր, ներկայացվել են Եվրոպական դատարան միջպետական գանգատի շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում հրապարակված փաստերը ևս գրասենյակը ներկայացրել է դատական ատյանին:
Լիպարիտ Դրմեյան - Ե՛վ Մարդու իրավունքների պաշտպանի, և՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները ներկայացվում են ՄԻԵԴ, որպես լրացուցիչ ապացույց, հիմնավորում այն փաստերի վերաբերյալ, որոնք առաջացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ ու շարունակում են առաջացնել, ցավոք սրտի:
Իրավապաշտպանները շեշտում են՝ Եվրոպական դատարանն ունի անհրաժեշտ գործիքակազմը՝ վերականգնելու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների՝ Ադրբեջանի կողմից խախտված իրավունքները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան