Սունկը ծլեց, երբ անձրևն եկավ՝ միայն անտառում է լինում։ Արտադրական մասշտաբի շամպինիոն աճեցնելու համար, պարզվում է, ժամանակակից տեխնոլոգիա ու հատուկ պայմաններ են պետք։ Սպիտակագլուխները, հողում չերևացող սպորից, քաղելու վիճակի են հասնում ցանքից հետո 20-րդ օրը, խոշորանում մասնագետների հսկողության տակ։
Օդի ջերմաստիճանն ենք կարողանում ստուգել սենյակում, CO2-ի քանակը` ածխաթթու գազի քանակը՝ սունկը մարդու նման շնչում ա թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
Վահանակներով կառավարվող 12 սունկ-աճեցման սենյակ ունեն այս ընկերությունում։ Շամպինիոնի մշակումն իրականացնում են հոլանդական «Քրիստիանս գրուփի» հոսքագծով՝ բացատրում է արտադրության տեխնոլոգը։
Դավիթ Ղուկասյան («Էկո ֆրեշ մաշրումս» ընկերության տեխնոլոգ) - Սա սունկ աճեցման մակերեսներն ա, սկզբում լցվում ա կոմպոստի շերտը՝ 20-21 սմ, հետո` տորֆի շերտը՝ 5-6 սմ հաստությամբ, մնացածը աճեցման պրոցեսներն են:
Կոմպոստը, որի մեջ աճում է սունկը, «Էկո ֆրեշ մաշրումսը» մինչև վերջերս ներկրում էր Հոլանդիայից։ Հումքի որակից շատ գոհ են․ 1 քառակուսի մետրից ստանդարտ 20 կգ բերք էին հավաքում։ Բայց աշխարհը խառնած տրանսպորտային խնդիրները սունկի բիզնեսն էլ են ծնկի բերել։ Կոմպոստ ներկրելն այնքան թանկ հաճույք է դարձել, ընկերությունը որոշել է տեղում ինքն այն արտադրել։ Ֆինանսական աջակցության համար դիմել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին և որոշակի բաժնեմաս զիջելով՝ 287 մլն դրամի ներդրում ստացել՝ գործարքի մանրամասներն են ներկայացնում ԱՆԻՖ-ի ու բիզնեսի ներկայացուցիչները։
Բելլա Մանուկյան (ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն) - Ներդրման շնորհիվ ընկերությունն ունենալու է սեփական կոմպոստի արտադրություն, որը թույլ է տալու մեծապես նվազեցնել ինքնարժեքը և հասնել ավելի բարձր շահութաբերության ընկերության համար:
Քաջիկ Մանուկյան («Էկո ֆրեշ մաշրումս» ընկերության հիմնադիր տնօրեն) - Մոտավոր հաշվարկով մոտ 50 տոկոս նվազելու ա կոմպոստի ինքնարժեքը։ Կոմպոստը իրականում թանկ չի, բայց լոգիստիկան ա թանկ՝ մինուսավոյ գալիս ա մի ամիս Հոլանդիայից: Տարիներ շարունակ աշխատել ենք հոլանդական կոմպոստով, հիմա ԱՆԻՖ-ի հետ համագործակցությամբ տարածքում կառուցվելու ա հոլանդական տեխնոլոգիայով կոմպոստ յարդ՝ էս կողքի բաց տարածքում:
Սպասում են գործարանի նախագծին, որ սկսեն շինարարությունը․ ըստ բիզնես պլանի՝ մինչև մարտ պետք է արդեն հայկական կոմպոստ արտադրեն, որ 2023-ի երկրորդ եռամսյակում տեղական հումքի վրա ամիսը 60-62 տոննա սունկ աճեցնեն։ Արտադրական ռեստարտի հետ առաջնահերթ վերականգնելու են արտահանման շուկան․ դրսում և՛ շամպինիոնի, և՛ պորտոբելլոյի մեծ պահանջարկ կա։
Քաջիկ Մանուկյան - Արաբական Էմիրություններ ենք արտահանել տարիներ շարունակ, հիմա նախատեսում ենք ավելի մեծացնել արտահանման ծավալները ու տեղական շուկայում ավելի հասանելի կլինենք էժանության հաշվին:
«Էկո ֆրեշ»-ի հետ այս ծրագիրը մասնավոր բիզնեսի հետ համագործակցության ԱՆԻՖ-ի 6-րդ փաթեթն է։ Արտադրությունն ընդլայնելու կամ նոր գաղափար-գործ սկսելու հարցում աջակցության խնդրանքով ֆոնդը տարվա կտրվածքով 100-ից ավելի դիմում է ստանում տնտեսվարողներից, որոնք գումար ուզում են, բաց աշխատել` հիմնականում ոչ՝ ասում է Բելլա Մանուկյանը։
Բելլա Մանուկյան - Սակայն դրանցից շատ փոքր քանակն է, որ համապատասխանում է ֆոնդի կանոններին և այն պահանջներին, որ այն սահմանում է իր պորտֆելային ընկերությունների համար։ Դրանք ներառում են թափանցիկության բարձրացումը, հաշվետվողականությունը, կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրումը համատեղ ընկերություններում:
Սունկ աճեցնող այս ընկերությունը խաղի կանոններն ընդունել է։ Կոմպոստի տեղական արտադրություն սկսելու համար ճշտել են` երկրում ծղոտը կա, թռչնաղբը՝ նույնպես։