ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի պարտությունը, կարելի է համարել Ուկրաինայի կողմից դաշինքի մասնակցության հաստատում հակամարտությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ստոլտենբերգի հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 11-ին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ, սակայն կառույցի աջակցությունն «առանցքային դեր» է խաղում հակամարտության մեջ։
Հոկտեմբերի 12-13-ը բրյուսելյան հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի պաշտպանության նախարարները նորից կհաստատեն, որ Ուկրաինային կօգնեն այնքան, որքան անհրաժեշտ է՝ ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանի զանգվածային հարվածն ուկրաինական տարածքներին ցույց տվեց Ուկրաինայի զինված ուժերում հակաօդային պաշտպանության միջոցների (ՀՕՊ) սահմանափակ լինելը՝ հաղորդում է Financial Times-ը:
Հրապարակման աղբյուրները ենթադրել են, որ Կիևը նման միջոցների մի մասն ուղարկել է շփման գիծ՝ դրանով իսկ անպաշտպան թողնելով թիկունքը։ Հետևաբար, ըստ Ստոլտենբերգի, Կիևին անհրաժեշտ է ավելի շատ տարբեր տեսակի հակաօդային պաշտպանություն, որպեսզի կարողանա պաշտպանել երկրի քաղաքացիական օբյեկտները հրթիռակոծությունից:
Financial Times-ը միաժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները խնդիրներ ունեն Ուկրաինային ՀՕՊ համակարգերի բավարար քանակ ապահովելու հարցում:
«ՆԱՏՕ-ի երկրներն արդեն տրամադրել են որոշակի քանակությամբ ՀՕՊ համակարգեր, սակայն արտադրական հզորությունները բավարար չեն: Դաշինքի անդամ մի շարք պետություններ արդեն մի քանի տարի իրենք են բախվում սեփական կարիքների համար ՀՕՊ համակարգերի մատակարարման ձգձգումների հետ»,- ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը։