Մեծ Բրիտանիայի էլեկտրոնային հետախուզական ծառայությունների ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը վստահ չէ, որ Արևմուտքը կկարողանա ժամանակին կանխագուշակել Ռուսաստանի կողմից միջուկային հարվածը։
«Այդ հարցում Մոսկվայի հռետորաբանությունը մտահոգիչ է։ Հարյուր տոկոսանոց երաշխիք, որ Արևմուտքը ժամանակին կբացահայտի Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման փաստը, չկա»,- ասել է Ֆլեմինգը։
Նա Լոնդոնի անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրման Միացյալ թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ խոստովանել է, որ այս ոլորտում երաշխիքներ չեն կարող լինել։ Նա նաև հավելել է․ «Հուսով եմ, որ մենք վաղօրոք կտեղեկանանք «պոտենցիալ հարվածի» մասին՝ հաշվի առնելով ՌԴ դոկտրինը միջուկային զենքի կիրառման մասին և նախագահ Պուտինի մոտեցումն այդ հարցին։ Սակայն կարծում եմ, որ արժի անհանգստանալ կիրառվող հռետորաբանության համար»։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը և արևմտյան մյուս մայրաքաղաքները շահագրգռված են միջուկային զենքի կիրառման շուրջ իրավիճակի սրմամբ, որպեսզի հետագայում մեղքը վերագրեն Մոսկվային: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ապակառուցողական քաղաքականություն է վարում գլոբալ գերիշխանության հասնելու նպատակով՝ առանց հաշվի առնելու խոշոր տերությունների միջև միջուկային ուղղակի զինված բախում հրահրելու վտանգը:
Ըստ ռուսական միջուկային դոկտրինի՝ միջուկային զենքի կիրառումը հնարավոր է հակառակորդի կողմից ՌԴ-ի և նրա դաշնակիցների դեմ այդ կամ այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման, Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա հարձակվելու համար բալիստիկ հրթիռների կիրառման մասին հավաստի տեղեկության ստացման, միջուկային հարձակման պատասխան գործողությունների համար անհրաժեշտ օբյեկտների վրա հակառակորդի ազդեցության, ինչպես նաև սովորական զենքի կիրառմամբ երկրի գոյությունը վտանգող ագրեսիայի դեպքում։
Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան