«ՕՊԵԿ+» նավթ արտահանող կազմակերպության անդամ երկրները որոշել են այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը օրական 2 մլն բարելով, ինչը համարժեք է համաշխարհային մատակարարման 2 տոկոսին: Հիմնական կրճատումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հաշվին։
Հայկ Բեջանյան (տնտեսագետ) - Նավթի առաջարկի էսպիսի կտրուկ նվազեցումը իր կտրուկ ազդեցությունն է ունենալու նախևառաջ ամբողջ համաշխարհային տնտեսության տնտեսական զարգացումների արագության վրա, և երկրորդ հերթին` էլ ավելի է բարձրացնելու գնաճային ճնշումները, ինչը առանց այն էլ մի շարք զարգացող երկրների և հատկապես եվրոպական տարածաշրջանում էական ազդեցություն է ունենում:
Ներկայում, ըստ մասնագետների, նավթի գինը ինքնարժեքից մի քանի անգամ բարձր է: Քովիդից հետո առաջին անգամ է, որ ՕՊԵԿ երկրները արդյունահանման ծավալը որոշում են կրճատել:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ըստ էության` այսպիսով նաև ՕՊԵԿ-ի երկրները փորձում են թույլ չտալ նավթի գնի այն նվազումը, որը կարող էր արձանագրվել համաշխարհային տնտեսության դանդաղման արդյունքում, բայց նավթի ավելի բարձր գները համաշխարհային տնտեսության աճի հեռանկարների վրա ավելի մեծ բացասական ազդեցություն կունենան:
Նավթի գները հունիսից նվազել են 30 տոկոսով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձել է կանխել կրճատման որոշումը, սակայն ապարդյուն: Որպես հակազդող քայլ՝ ԱՄՆ-ն նոյեմբերին պակասուրդը լրացնելու համար իր ռազմավարական պաշարներից 10 միլիոն բարել նավթ դուրս կբերի շուկա։ Սպիտակ տունը մեղադրել է «ՕՊԵԿ+»-ին` համարելով, որ այս քայլը Մոսկվայի շահերից է բխում:
Նարեկ Կարապետյան - Անշուշտ, Ռուսաստանի Դաշնության օգտին է, այս մասին են խոսում և՛ ՌԴ-ից, և՛ ԱՄՆ-ից հնչած մեկնաբանությունները: ԱՄՆ-ն ներկայում բարձր գնաճային ճնշումների մեջ է իր տնտեսությունում, և հատկապես դա գալիս է էներգակիրների գներից, ու նավթի ավելի ցածր գները այս առումով շատ կարևոր են գնաճային լրացուցիչ ճնշումները թուլացնելու համար:
Չնայած արդյունահանման կրճատումը նախատեսվում է նոյեմբերից, սակայն այդ որոշման մասին հայտարարությունն արդեն որոշակիորեն ազդել է նավթի գների աճի վրա:
Հայկ Բեջանյան - Հումքը նավթն է, և միևնույն ժամանակ այդ վառելիքաէներգետիկ ռեսուրսները ֆունդամենտալ գործոն են հանդիսանում մնացած ապրանքատեսակների գնագոյացման մեջ, և սա շղթայական բերելու է նաև մնացած ապրանքատեսակների թանկացման, որն էլ, իհարկե, էլ ավելի է բարձրացնելու համաշխարհային շուկայում տարբեր երկրների մոտ եղած գնաճային ճնշումները:
Մասնագետների համոզմամբ՝ այս որոշումը կվնասի ոչ միայն Եվրամիության, այլև զարգացող երկրներին: Հայաստանը ևս անմասն չի մնա գործընթացի ազդեցությունից՝ ընդգծում է Հայկ Բեջանյանը:
Հայկ Բեջանյան - Հայաստանը հանդիսանում է վառելիք ներմուծող երկիր, և ամենաառաջնայինը հենց էս շուկան կզգա իր վրա ազդեցությունը, քանի որ առանց այն էլ բարձր գնային միջավայրը, որ մենք ունեինք բենզինի և դիզվառելիքի շուկաներում, սակագները էլ ավելի կբարձրանան:
Տնտեսագետների խոսքով՝ եթե մինչև հիմա համաշխարհային գնաճը Հայաստանում մեղմվել է դրամի արժևորման հաշվին, այս պահին, երբ արժույթի շուկան որոշակիորեն կայունացել է, տեղի ունեցող ցանկացած փոփոխություն կազդի գնաճի վրա:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան