Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ճգնաժամի պատճառ չի տեսնում։
«Ոչ մի ճգնաժամ չկա»,- չորեքշաբթի ասել է Ժակսիլիկովը։ Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Ղազախստանը կատարում է իր պարտավորությունները կառույցի շրջանակում։
Հարցին, թե նպատակահարմա՞ր է ՀԱՊԿ-ի գործունեությունը, նախարարը դրական է պատասխանել. «Նպատակահարմարությունը միշտ կա՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, ուստի եկեք դա ընդունենք որպես հիմք: Չպետք է շահարկումներ անել»,- ընդգծել է Ժակսիլիկովը։
«Մեր պետության՝ Ղազախստանի Հանրապետության մասնակցության առումով մեզ մոտ ամեն ինչ կայուն է, Ղազախստանը կատարում է իր պարտավորությունները, աշխատանքային ծրագրերը, որոնք մենք նախապես հաստատել ենք»,- պարզաբանել է նախարարը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, իմաստ չունի խոսել «ինչ-որ խուճապի կամ ինչ-որ խնդիրների մասին»։
ՀԱՊԿ-ն ընդգրկում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Հեղինակ՝ Եվա Մինասյան