Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը:
Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները: