2 տարի՝ առանց լեգենդար հրամանատարի ու Ազգային հերոսի: Այսօր Հադրութի պաշտպանության մարտերում զոհված գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակի օրն է:
Սիմա Պետրոսյան (Վահագն Ասատրյանի մայրը) - Ռազմաճակատի թեժ պահին կնոջը նկար ուղարկեց, ամպերի մեջ էր, ու գրված էր՝ «Ամպերից էլ վեր»: Ես չէի մտածում, որ հետագայում իրոք ամպերից վեր պետք է լինի իմ որդին:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցում զինակից ընկերներն ու հարազատները:
Արսեն Մանուկյան (հատուկ նշանակության զորքերի հրամանատարի տեղակալ) - Մարդ, որ գիտակցական ողջ կյանքը նվիրեց զինվորականության ու հայրենիքի պաշտպանությանը, մատաղ սերնդի դաստիարակությանը և իրոք անմահացավ:
Ռազմական հինգ բուհ ավարտած Ասատրյանը ոչ միայն որպես զինվորական էր սիրված, այլև որպես ընկեր, մարդ ու անհատ:
Տիգրան Դարբինյան (Ասատրյան ընտանիքի բարեկամ) - Վահագնը էն եզակի մարդկանցից էր, որ կարողանում էր հայրենասիրությունը մի ուրիշ ձև փոխանցեր մարդուն: Եթե իր հետ զրուցում էիր թեկուզ առօրյայից, պարտադիր զրույցը փոխվում էր հայրենասիրական:
Արսեն Մանուկյան - Անընդհատ կարդում էր, անընդհատ և՛ ուսուցանում էր, և՛ ուսուցվում էր, իսկ դա, կարծում եմ՝ մեծություն ա յուրաքանչյուր զինվորականի համար:
Հատուկ նշանակության զորքերի հրամանատարը պատերազմի հենց առաջին օրն արդեն ռազմաճակատում էր:
Սիմա Պետրոսյան - Տուն չի եկել, որ ցտեսություն ասի, հեռախոսով ասել է՝ մա՛մ, ես գնացի, շատ ուրախ, առնական տրամադրված, ինչպես ռազմական գործիչ: Իսկ ես իմ օրհնանքները տվեցի բալիս:
Զինակից ընկերների խոսքով՝ ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ անգամ պատասխանում էր երկու մարդու հեռախոսազանգի` վերադասի և մոր: Վերջին անգամ խոսել են լույս 12-ի գիշերը:
Սիմա Պետրոսյան - Ասեց, որ հաղթական կանգնած ենք, Հադրութը ոչ ոք չի կարող վերցնել, ձայնը խրոխտ էր, առնական:
Վերջին հեռախոսազրույցի ընթացքում մոր հորդորներին, թե մի օրով տուն արի, մերժել է:
Սիմա Պետրոսյան - Զարմացավ. մա՛մ, ասեց, էդ դո՞ւ ես ասում: Ասեց՝ մա՛մ, բա զո՞րքս:
Տղաները նշում են՝ իր զինվորներին մենակ չթողեց անգամ, երբ վիրավոր էր:
Սիմա Պետրոսյանն - Ասում է՝ իմ ասկոլկան՝ ես, ինչի՞ եք ուզում հանեք, որովհետև ինքը մտածում էր, եթե հանեին, վերք կլիներ, իսկ ինքը չէր կարողանա քայլի, սլանա: