ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարը հյուրընկալել էր «Հայաստան-Ռուսաստան. գործարար գործընկերության հեռանկարները» գործարար միջոցառումը։ Այն բացառիկ հնարավորություն էր ռուս գործարարներին Հայաստանի ներդրումային և բիզնես միջավայրին ծանոթացնելու, երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման հնարավորություններն ուղենշելու համար։
Յուլյա Նեստերչուկ (Տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն) - Հայաստանը մեզ համար շատ կարևոր ռազմավարական գործընկեր է։ Ապրանքաշրջանառության և ներդրումների աճը վկայում է այդ մասին։ Ընթացիկ տարում ցուցանիշների բավական մեծ աճ է գրանցվել՝ 47 տոկոս։ Փոխադարձ ներդրումների խթանումը, կոոպերացիոն համագործակցությունն այն առաջնահերթություններն են, որոնցով առաջնորդվում ենք՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման համար:
Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» պետական հիմնադրամը, «ռուսական արտահանման կենտրոնի» հետ համատեղ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, Հայաստանի և Ռուսաստանի մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներն ու ներուժը:
Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն) - Գործարար համայնքին այսօր այս միջոցառման շրջանակներում ներկայացրինք մեր գործիքակազմը, կառավարության գործիքակազմը, ինչ ծառայություններ կարող ենք մատուցել գործարարներին, և սպասում ենք անհամբեր արձագանքներին, հուսով եմ, որ շուտով կունենանք շատ լավ արդյունքներ:
Ռուսական կողմը ևս բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերում։ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալները խիստ տուժել են վերջին իրադարձություններով պայմանավորված: Եվրամիության կողմից պատժամիջոցների 8-րդ փաթեթի ընդունումից հետո Հայաստանը այն յուրահատուկ ուղղություններից մեկն է, որը կարող է օգնել ռուսական կողմին առաջ շարժվել, նշում է ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը։ Վլադիմիր Պադալկոյի ապագայի տեսլականում երկկողմ առևտրի ծավալների ավելացումն է:
Վլադիմիր Պադալկո (ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ) - Նախ անհրաժեշտ է ֆիզիկական ծավալների զարգացում, ապա փոխադարձ ներդրումներ ու համատեղ ձեռնարկությունների հիմնում: Ռուսական տեսանկյունից Հայաստանի հետ առավել հետաքրքրական են և դեռ ուսումնասիրման ընթացքում դեղագործության ու բժշկության, հանքարդյունաբերության և ԱյԹի տեխնոլոգիաների ոլորտները:
Մասնակիցները ծանոթացան Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին՝ երկու երկրի միջև գործարար կապերի ընդլայնման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այսօր Կառավարությունը ներկայացնում է բավականին լայն գործիքակազմ՝ նպաստելու և տեղական, և միջազգային ներդրումներին Հայաստանում: Նմանատիպ հանդիպումները այլ երկրների գործընկերների հետ հնարավորություն են տալիս համադրել արդեն առկա գործիքները:
«Ռուսական արտահանման կենտրոնի» ոչ ֆինանսական պրոդուկտների և արտասահմանյան ցանցի զարգացման գծով տնօրենը առանձնացնում է լոգիստիկ խնդիրները և հույս հայտնում, որ այդ թվում հայկական կառավարության աջակցությամբ առկա խոչընդոտները կլուծվեն:
Քսենիա Տագիրովա («Ռուսական արտահանման կենտրոնի» ոչ ֆինանսական պրոդուկտների և արտասահմանյան ցանցի զարգացման գծով ավագ կառավարիչ տնօրեն) - Մենք շատ ակտիվ սկսել ենք Հայաստան մեկնել բազմաֆորմատ, ընդգրկուն ու բազմաոլորտ բիզնես առաքելություններով: Այս տարի արդեն հասցրել ենք բազմաթիվ պայմանագրեր կնքել, որոնցից էր նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթած ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանի կնքած համաձայնագիրը:
Տնտեսության երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրագործման նպատակով Հայաստանն աշխարհին ներկայանում է որպես գրավիչ և մրցունակ ներդրումային ուղղություն:
Լևոն Օհանեսյան - Վերջերս ակտիվություն նկատվում է, և մենք, որպես ներդրումների աջակցման կենտրոն, ուշադրության կենտրոնում ենք պահում այս իրավիճակը, սպասարկում ենք այն գործարարներին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսի աշխարհագրական դիրքը, խթանում ենք այդ բիզնեսը բերել Հայաստան:
Հիմնադրամը ներդրողների հետ ամուր կապեր է հաստատում՝ դառնալով Հայաստանում նրանց առաջնային գործընկերը։ Ռուսաստանյան գործարար հանրությանը ներկայացվում են Հայաստանի ներդրումային միջավայրը և ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները:
Ռուսական բիզնեսի համար առավել հետաքրքիր են Հայաստանի հանքարդյունաբերության, սննդի վերամշակման, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտները: