ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինթեք ֆորում Հայաստան-2022» (Fintech Forum Armenia-2022) միջոցառմանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել, որ ինչպես ֆինանսական ոլորտի, այնպես էլ տնտեսության այլ ոլորտների գործունեությունն առանց տեխնոլոգիաների այսօր հնարավոր չէ պատկերացնել։
«Այս միջոցառումն էական նշանակություն ունի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների համար, քանի որ այն հնարավորություն է ստեղծում մասնակիցներին մեկ վայրում հանդիպելու, միմյանց խնդիրները հասկանալու, գաղափարները քննարկելու և համատեղ որոշակի խնդիրների հնարավոր լուծումներ գտնելու համար։ Ժամանակակից ֆինանսաբանկային համակարգի գործունեությունը հիմնված է բարձր տեխնոլոգիական և թվային լուծումների, նորարարության, արհեստական բանականության և իհարկե կիբեռանվտանգության վրա։ Նշյալ ոլորտներում մեծ է Միացյալ Թագավորության փորձը, որի հետ ծանոթանալն ու կիրառելը, կարծում եմ, կարևոր կլինի հայաստանյան շուկայի համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
Անդրադառնալով պետական հատվածում թվայնացման աշխատանքների իրականացման գործընթացներում Միացյալ Թագավորության փորձին՝ նախարարը նշել է, որ բանկային թվային ծառայությունների առաջընթացը նաև որոշակի ռիսկեր է պարունակում։ Թվայնացնելով պետական կառավարման համակարգը՝ անհրաժեշտ է նաև պատրաստվել մարտահրավերներին և դրանք դարձնել առավելագույնս կառավարելի։
Նախարարը հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքում կձևավորվեն համագործակցության նոր հնարավորություններ, միջոցառումը նաև հարթակ կհանդիսանա փորձի փոխանակման և ձեռքբերումների ներկայացման համար։
Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ևս ողջունել է ֆորումի մասնակիցներին.
«Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն ֆինանսական ծառայություններ արտահանողն է և Եվրոպայի առաջատար ֆինթեք կենտրոնը։ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի արժեք ունեցող եվրոպական ֆինթեք ընկերությունների գրեթե կեսը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում: Անցյալ տարի Բրիտանիան ավելի շատ ներդրումներ է ներգրավել, քան Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Նիդերլանդները միասին վերցրած: Ուստի, հուսով եմ, որ Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող այս ֆորումը կներկայացնի Միացյալ Թագավորության նորարարական տեխնոլոգիաները, որոնք կաջակցեն Հայաստանում ֆինթեք ոլորտի աճին և ներքին ֆինանսական շուկայի հետագա զարգացմանը»,- ասել է Ջոն Գալագերը։
Միջոցառման կազմակերպիչներից Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը ներկայացրել է ֆորումի նպատակը, որը պետական և մասնավոր կառույցների, ֆինանսական և ՏՏ կազմակերպությունների համար կառուցողական հարթակ դառնալն է՝ օժանդակելու Հայաստանին, բարելավելու ֆինթեք արդյունաբերության, կրիպտոյի և ֆինանսական ոլորտները:
Ֆորումի ընթացքում տեղական և միջազգային խոսնակների մասնակցությամբ կայացել են պանելային քննարկումներ «Բաց բանկային գործունեություն. դրա հնարավորություններն ու մարտահրավերները», «Ֆինթեք էկոհամակարգ», «Տվյալների որակական հատկանիշներ», «Նոր ներդրումային հնարավորություններ ֆինթեք ստարտափների համար» թեմաների շուրջ: