Արարատի մարզում այս տարի նախնական 8 մլրդ 75 մլն դրամի 19 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի: Խոշորացված Արարատ համայնքում աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից:
Ասլան Ավետիսյան (Արարատ խոշորացված համայնքի ղեկավար) - Արարատ համայնքում իրագործվում է 2022-23 թթ. 6 ծրագիր: Դրանք են Արարատ-Երասխ գազատարը, ներահամայքնային ոռոգման ցանցերը:
Համայնքների խոշորացումը դրական ազդեցություն է ունեցել: Եթե նախորդ տարի 3 մլրդի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել ամբողջ մարզում, ապա միայն Արարատ համայնքում այս տարի մոտ 1.5 մլրդ դրամի աշխատանք կիրականացվի:
Արարատում մշակութային կյանքն ակտիվ է: Նկարչական, պարի և այլ խմբակների ու համույթների կողքին կգործի նաև փողային նվագախումբ: Դրա համար պետք է մշակույթի տունը կարգի բերել:
Ասլան Ավետիսյան - Ընդհանուր մշակույթի կենտրոնի կապիտալ վերանորոգում է նախատեսված, ծածկով, հարակից տարածքներով: Քանի որ 50-ականների կառույց է, մենք փորձում ենք կառույցի կյանքը երկարացնել:
2022-ի սուբվենցիոն ծրագրով Արարատի 4 բնակավայրում փողոցներ կասֆալտապատվեն:
Վարդան Սաֆարյան (Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) - Արարատ համայնքի Սալակիթներ փողոցը դեռևս նոր կառուցված ժամանակներից չի վերանորոգվել: Շուրջ 760 մ ճանապարհ է, այժմ ջրահեռացման համակարգն է կառուցվում, և ասֆալտապատումն է իրականացվում: Սուրենավան բնակավայրում այս տարվա շրջանակներում աշխատանքները գրեթե ավարտվել են:
Արարատ գյուղում էլ 12 փողոցի հիմնանորոգում է նախատեսված: Հաղթանակի փողոցում համայնքային միջոցներով կոյագծերն են փոխում, որ հետո կատարվող ասֆալտը երկար ծառայի:
Ռաֆիկ Վարդանյան (Արարատ բնակավայրի վարչական ղեկավար) - Սուբվենցիոն ծրագրով, ունենք կիսատ մնացած 4 փողոցները, որ պիտի էս տարի արվեր, 3 փողոցում ևս պիտի արվեն կոյուղագծեր, որոնց ընդհանուր արժեքը 24 մլն դրամ է, իսկ սուբվենցիոն ծրագրով արվող ասֆալտի գումարը՝ 140 մլն:
5 բնակավայրում էլ ոռոգման ներտնտեսային ցանց է կառուցվում:
Վարդան Սաֆարյան - Ծրագրի արժեքը՝ 252 մլն դրամ, որով նախատեսվում է վերանորոգել և կառուցել շուրջ 10 կմ ներտնտեսային ոռոգման ցանց, որը բավականին կբարելավվի գյուղացիական տնտեսությունների վիճակն ու ջրի կորուստները կքչացվի:
Ավշարում էլ կարևոր խնդիրներից մեկն են լուծում, սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է կառուցվում:
Արգամ Զաքարյան (Ավշար բնակավայրի վարչական ղեկավար) - Այս մանկապարտեզը 170 երեխայի համար է նախատեսված, 6 խումբ է լինելու, ապաստարան ունի, սեյսմակայուն է լինելու, որովհետև փորձաքննութուն է անցել: Արժեքը 340 մլն է:
Ամեն օր համայնքի 200 երեխա հարևան գյուղերի մանկապարտեզներ է հաճախում: Ավշարի մանկապարտեզը պատրաստ կլինի մինչև 23 թ. դեկտեմբերին: