Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համավարակի շրջանում և դրանից հետո» թեմայով միջազգային համաժողովին։
Եռօրյա քննարկումների ընթացքում 9 երկրից ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև մի շարք երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հնարավորությունների, առկա խնդիրների և դրանց լուծումների, աջակցող միջոցների կիրառման և զարգացման ուղիների մասին են ներկայացրել։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն ակտիվորեն մասնակցում են հաշմանդամության հիմնահարցերին վերաբերող գործընթացներին։
«Պետությունը մեծ ջանքեր է գործադրում նաև ներդնելու հաշմանդամության սահմանման նոր մոդելը, որը հնարավորություն կտա նրանց համար ապահովել հավասար հնարավորություններ՝ ինքնադրսևորվելու և իրացնելու իրենց իրավունքները։ Բոլոր ծրագրերն ու ծառայությունները իրականացվում են՝ հիմքում ունենալով «Երբեք ոչինչ մեզ համար՝ առանց մեզ» սկզբունքը»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։