Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով: Այս մասին հայտնում են Էրբիլի գլխավոր հյուպատոսությունից:
Ստորագրման արարողությանը հաջորդել է գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամլո ասուլիսը:
Գլխավոր հյուպատոսն իր ելույթում նշել է, որ չնայած սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և դրա հետևանքներին՝ ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր հումանիտար արժեքներին, որոշել է իր փոքր ներդրումը ունենալ եղբայրական եզդի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու հարցում:
Իր հերթին Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդը իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը եզդի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշումը ուղերձ է միջազգային հանրությանը չդադարելու օգնել Իրաքյան Քուրդիստանում ապաստանած փախստականներին և ներքին տեղահանված շուրջ 1 միլիոն անձի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով և Բարզանի հիմնադրամի ջանքերով Շեյխանի ճամբարում գործող 3 դպրոցի մոտ 1000 աշակերտի համար ձեռք բերել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: