Հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան, Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել: Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Շևչենկոյի շրջանում չորս պայթյունի մասին։ Այդտեղ են գտնվում Ուկրաինայի նախագահի և ԱԱԾ գրասենյակները։ Կլիչկոն հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների հատուկ ծառայությունները։ Ուկրաինայի ոստիկանության նախնական տվյալով՝ կա 11 զոհ, ավելի քան 60 վիրավոր: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր մարզերում:
ԳԵՐՃՇԳՐԻՏ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ այսօր առավոտյան ՌԴ ՊՆ առաջարկությամբ և ՌԴ Գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Վլադիմիր Պուտինը հայտարարությունն արել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Խորհրդի անդամներին Պուտինը տեղեկացրել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետաքննության մասին, այն որակել է ահաբեկչություն՝ ուղղված քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։
«Ակնհայտ է, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները և հեղինակները ուկրաինական հատուկ ծառայություններն են»,- նշել է Պուտինը, նաև հավելել, որ Կիևի ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնելն անհնար է: Նա զգուշացրել է, որ Մոսկվան կոշտ պատասխան կտա Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի իշխանությունների կազմակերպած ահաբեկչական հարձակումներին։ Ռուսաստանի ղեկավարը մեղադրել է Ուկրաինային նաև միջուկային ահաբեկչության՝ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման և Կուրսկի ատոմակայանի դիվերսիայի փորձերի համար։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ եղել է նաև «Թուրքական հոսք» գազատարի պայթեցման փորձ:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՄԱԿՐՈՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զելենսկին հայտնել է, որ Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը, եվրոպական և միջազգային կոշտ արձագանքի և Ռուսաստանի վրա ճնշումների ավելացման անհրաժեշտությունը: Զելենսկին նաև հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպման մասին:
Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ քննարկումը տեղի կունենա վաղը: Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունն արդեն խստորեն դատապարտել են հարձակումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրամիությունը կքննարկվի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը: ԵՄ-ն էլ պատրաստել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ, որում կոչ է արվում բանակցությունների միջոցով լիցքաթափել իրավիճակը Ուկրաինայում: Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա Ռուսաստանի հարձակումները դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը Ռուսաստանին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակման համար և այդ երկրի տարածքում գտնվող ամերիկացիներին կոչ է արել հարմար պահի հեռանալ Ուկրաինայից:
ԿԻԵՎԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Ուկրաինան Բելառուսի վրա հարձակում է պատրաստում՝ հայտարարել է Բելառուսի նախագահը՝ մանրամասնելով, որ երեկվանից ոչ պաշտոնական աղբյուրներից հաղորդագրություններ են ստանում Ուկրաինայի տարածքից Բելառուսի դեմ հարվածների նախապատրաստության մասին, այդ թվում՝ «Ղրիմի կամուրջ 2» կազմակերպելու մասին սպառնալիքներ: Ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ «Ղրիմի կամուրջը ծաղիկներ կլինի նրանց համար, եթե Բեռալուսի տարածքից մեկ մետր անգամ հարվածի տակ հայտնվի»: Բելառուսի նախագահը նաև մտահոգություն է հայտնել, որ Լեհաստանի զինված ուժերը կարող են ցանկացած ժամանակ վերադառնալ Բելառուսի սահման՝ ՆԱՏՕ-ի ժամանակակից զինատեսակներով: