Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի ստորագրած օրենքը տասը տարով երկարաձգել է թուրքական ընկերություններում ներդրումներ անելու արգելքը։ 2019-ին ընդունված օրենքը Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային համակարգին և նահանգի ուսուցիչների կենսաթոշակային կառույցին արգելում է ներդրումներ կատարել թուրքական ընկերություններում և արժեթղթերում՝ այդ երկրի կողմից սեփական հանցագործությունները պետական մակարդակով ժխտելու համար։
Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ) - Կարող է միլիոն, հարյուր միլիոն կամ բիլիոնների մեջ լինի. կապ ունի՝ ինչքան են գումարները շատանում Կալիֆոռնիայի փենշնի մեջ, որը շատ մեծ ծրագիր է՝ հարյուավոր բիլիոններով փող կա, որ աշխարհի չորս կողմը ներդրում են անում այն մտքով որ յոթ-ութ տոկոս եկամուտ բերի։ կարևորությունն այն է. որ այդ պատասխանատվությունը լինի, և ամեն մարդ հիշի՝ ինչ է կատարվել։
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի առաջադրած նախագիծն ուժի մեջ էր մտել 2021-ին։ Սահմանափակման երկարաձգման նախաձեռնությունը նա հեղինակել է նահանգային սենատոր Սքոթ Ուիլքի հետ: Նահանգապետի ստորագրած օրենքի համաձայն՝ թուրքական կողմի նկատմամբ սահմանափակումները կգործեն մինչև 2035 թվականը։
Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ) - Եվ այս տարիների ընթացքին բավականին իջեցրել են և թուրքայի եկոնոմին էլ շատ ուժեղ չի եղել-իրենց դրամի արժեքը բավականին ընկել ե վերջին երկու տարում, և հետաքրքիրա, որ հիմա, որ դրամի արժեքը ընկել է ժամանակն է, որ շատ ներդրումներ լինի, դրա համար այդ կողմից էլ պետք է զգույշ լինենք, որ նոր ներդրումներ չլինեն թուրքիայի մեջ։ Այդ կետերը կարևոր են, որ միշտ հիշենք և շարունակաբար աշխատենք։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խոշոր ընկերությունները, որոնց հետ գործարքի են գնացել Կալիֆոռնիայի կենսաթոշակային պետական համակարգերը, իրականում վերահսկվում են թուրքական կառավարության կողմից, հետևաբար ներդրված միջոցներն էլ տնօրինվում են ըստ թուրքական իշխանության հայեցողության, ինչն, ըստ փորձագետների, հակասում է ամերիկյան կողմի մոտեցումներին:
Էդվարդ Բարսումյան (Հայ դատի հանձնախմբի արևմտյան Ամերիկայի շրջանի կառավարական հարցերի փորձագետ) - Ըստ ամերիկյան ֆեդերալ հետաքննության, որոշ թուրքական բանկեր, որտեղ կատարվել են ամերիկյան կենսաթոշակային համակարգերի ներդրումները, ի վնաս ԱՄՆ շահերի՝ զբաղվել են փողերի լվացմամբ։ Այնպես որ, ամերիկյան կողմի համար շահեկան չէ շարունակել այդ ներդրումները նաև այդ իմաստով։
Ռուբեն Կարապետյան (Հայ դատի Արևմտյան շրջանի գրասենյակ) - Ամերիկացի հարկատուները չեն ցանկանում, որ իրենց գումարը ուղղվեն ռեժիմների՝ ի դեմս Թուրքիայի, որոնք խախտում են մարդու իրավունքները, իրականացնում են հանցագործություններ՝ ընդդեմ մարդկության։ Եվ սա է այս օրենքի մեսիջը, որը Կալիֆոռնիան ուղարկում է Թուրքիա»։
Ամերիկահայ փորձագետները շեշտում են՝ Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային հիմնադրամների փորձը կարող է օրինակ ծառայել նաև ամերիկյան մասնավոր ընկերությունների համար՝ Թուրքիայում որևէ տնտեսական գործարք անելուց առաջ հետազոտելու և հաշվարկելու դրա տնտեսական ու քաղաքական նպատակահարմարությունը։