Ամուսնալուծություն, ալիմենտի բռնագանձում, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանում, երեխայի տեսակցության կարգի սահմանում, ամուսնական պայմանագրի փոփոխում. ընտանեկան այս և նմանօրինակ գործերով դատարանից առաջ հաշտարարին դիմելը կարող է դառնալ պարտադիր: Կողմերն իրավունք կստանան նման վեճերը դատարան տեղափոխել, եթե հաշտարարի միջոցով չեն կարողացել փոխհամաձայնության գալ: Օրենսդրական փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է:
Գրիգոր Մինասյան (արդարադատության նախարարի տեղակալ) - Ամուսինները գնում են ոչ պակաս պրոֆեսիոնալ հաշտարարի մոտ, և հաշտարարը կողմերին բացատրում է իրենց իրավունքները և պարտականությունները, ապագա դատական գործի հետ կապված վեճի լուծման հնարավորությունները, չէ՞ որ այդ մասնագետները նաև դատական նախադեպերը կարող են ներկայացնել և, ընդհանրապես, մարդուն բացատրել, որ կարիք չկա գնալ դատարան, սա է հավանականությունը, որ ձեր հարցը այսպես կլուծվի:
Միջազգային փորձն էլ հուշում է, որ հաշտարարությամբ փոխհամաձայնությունը հավանական է: Ու եթե դա տեղի ունենա, դատարանը կկնքի հաշտությունը՝ արդեն առանց կողմերի ներգրավվածության:
Գրիգոր Մինասյան - Այսինքն՝ ա) մենք լուծում ենք դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման հարցը, բ) հնարավորություն եք տալիս կողմերին, պրոֆեսիոնալ մասնագիտական խորհրդատվություն ստանալով, իրենց կենսական նշանակություն ունեցող խնդիրը լուծել:
Օրինակ՝ 2019 թվականին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ 3 300 գործ, 2020-ին՝ 2 558, 2021 թվականին ընտանեկան այդպիսի գործերի քանակը կազմել է 2 819:
Պարտադիր հաշտարարություն այժմ գործող օրենսդրությամբ էլ կա: Եթե դատարանը ներքին համոզում ունի, որ զույգը կարող է հաշտվել կամ փոխհամաձայնության գալ հաշտարարի միջոցով, ապա կողմերին ուղարկում է հաշտարարության: Բայց նման որոշումներն ընդհանուր գործերի մինչև 5 տոկոս են կազմում: Նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ասում է՝ որովհետև դատարանները գիտեն՝ հաշտարարները քիչ են:
Գրիգոր Մինասյան - Նրանք աշխատում են անվճար՝ առանց մոտիվացիայի ու ծառայության ոչ բարձր որակ ապահովելու:
Օրենսդրական փոփոխություններից հետո պարտադիր երկու ժամ հաշտարարի ծառայությունը կլինի վճարովի՝ յուրաքանչյուր ժամը՝ 5 հազար դրամ: Բաց եթե կողմերը համաձայնության գան, և դատարանին մնա դա արձանագրել, վճարված գումարի չափով կնվազի պետական տուրքը: Այսինքն՝ հավելյալ ծախս չի լինի: Բայց որպեսզի պարտադիր հաշտարարության դիմելը քաղաքացիների համար չդառնա հավելյալ հոգս, որոնք, ի վերջո, միևնույն է, դիմեն դատարան, հաշտարարի ինստիտուտը պետք է կայացած լինի: Նախարարի տեղակալն ասում է՝ այդ ուղղությամբ աշխատելու են:
Գրիգոր Մինասյան - Մենք կայացնելու ենք այդ ինստիտուտը, ամբողջությամբ փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հաջորդ տարի: Մինչև էդ մենք որակավորման քննություններ ենք անցկացնելու, գործող փաստաբաններին ենք մոտիվացնելու, որպեսզի գան, այդ շրջանակներում համալրվեն:
Ստեղծվելու է առանձին ինքնակառավարման մարմին, ինչպիսին փաստաբանական պալատն է: Այժմ գործող 15 հաշտարար կա: Հաշվարկված է, որ ևս 30-ի կարիքը կլինի պարտադիր հաշտարարության ինստիտուտի արդյունավետության համար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան